Արամ Եղիայի Խաչատրյան. կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, հայ նոր կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: Լինելով աշխարհահռչակ կոմպոզիտոր, նրա ստեղծագործությունները, որոնք առանձնանում են ինքնատիպ, զուտ խաչատրյանական ձեռագրով, իրենց ուրույն տեղն են զբաղեցնում համաշխարհային դասական երաժշտության գանձարանում: Դմիտրի Շոստակովիչի և Սերգեյ Պրոկոֆևի կողքին նրա անունը մշտապես նշվել է որպես խորհրդային շրջանի երեք մեծագույն կոմպոզիտորներից մեկը: Ա. Խաչատրյանը ծնվել է 1903 թ. հունիսի 6-ին, Թիֆլիսի (այժմ՝ Թբիլիսի) մոտակայքում գտնվող Քոջորի (Կոջորի) համայնքում, կազմարարի ընտանիքում: Ծնողները՝ Ղումաշ և Եղիա Խաչատրյանները, ծնունդով նախկին Նախիջևանի նահանգի (պատմական Գողթն գավառի) Վերին և Ներքին Ազա գյուղերից էին: Տան չորս երեխաներից մեկն էր Արամը: Նրա երեք եղբայրները ևս շնորհալի էին (Սուրեն Խաչատրյանը թատերական գործիչ դարձավ, Լևոնը՝ երգիչ (բարիտոն), Վաղինակը հաճախ հանդես էր գալիս սիրողական ներկայացումներում): Նախնական կրթությունը ստացել է տեղի պանսիոնում, ուր նրա երգի ուսուցիչը Մակար Եկմալյանի աշակերտ, հետագայում հայտնի երաժշտագետ և երգիչ Մուշեղ Աղայանն էր: Այնուհետև սովորելով առևտրական ուսումնարանում, մասնակցել է նաև փողային նվագախմբի դասերին, նվագել տենոր եւ բարիտոն: Թեև Խաչատրյանի երաժշտական տաղանդը նկատելի էր դեռևս փոքրուց, սակայն երաժշտությամբ լրջորեն զբաղվելու հնարավորություն ունեցել է բավականին ուշ՝ 19 տարեկանից: 1921 թ. Խաչատրյանն իր ավագ եղբոր՝ Սուրենի խորհրդով տեղափոխվեց Մոսկվա, ուր ընդունվեց տեղի համալսարանի կենսաբանական բաժինը, սակայն մեկ տարի անց դուրս եկավ համալսարանից, և թեպետ ուներ երաժշտական զուտ տարրական գիտելիքներ, բայց փայլուն ընդունակությունների շնորհիվ 1922 թ. ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի բաժինը (Ս. Բիչկովի, այնուհետև պրոֆ. Ա. Բորիսյակի դասարան): Միևնույն ժամանակ դաշնամուրի մասնավոր դասեր է ստանում Ելենա Գնեսինայից: 1925 թ.-ից շարունակում է ուսումը նույն ուսումնարանի նորաստեղծ կոմպոզիցիայի դասարանում (Միքայել Գնեսինի դասարան): Թեև որպես թավջութակահար բավականին լավ էր սովորում և դառնալով լավագույններից մեկը, համերգներով հանդես եկավ Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ եւ փոքր դահլիճներում, այդուհանդերձ այս տարիներին առաջ եկած ձեռքերի հիվանդության (միազիտ) պատճառով Խաչատրյանը վերջնականորեն հրաժարվում է թավջութակահարի՝ իր մասնագիտությունից եւ նվիրվում կոմպոզիցիային: Ուսմամբ տարված երիտասարդ ստեղծագործողն իր նյութական կարիքները հոգում էր բեռնակիր բանվորի կամ մանկապարտեզի դաշնակահարի աշխատանքներով: Զուգահեռաբար Մոսկվայի Հայկական կուլտուրայի տանը կից թատերական արվեստանոց- ստուդիայի պատվերով երաժշտություն է գրում Հակոբ Պարոնյանի «Բաղդասար աղբար» (1927 թ.), «Ատամնաբույժն արևելյան», Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» (1928 թ.) ներկայացումների համար: 1929 թ. Խաչատրյանը ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժին (Նիկոլայ Մյասկովսկու դասարան): Ուսման տարիներին գրված աշխատանքներից են դաշնամուրային տրիոն, Պարային սյուիտը, շեքսպիրյան «Մակբեթի» երաժշտությունը՝ Երևանի Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի բեմադրության համար, որից հետո պատվեր ստացավ գրելու հայկական առաջին հնչյունային գեղարվեստական ֆիլմի՝ «Պեպո»-ի երաժշտությունը: Ավարտելով կոնսերվատորիան, Խաչատրյանը որպես դիպլոմային աշխատանք ներկայացնում է առաջին սիմֆոնիան: 1934 թ. Խաչատրյանի անունը ոսկե տառերով գրվում է Մոսկվայի կոնսերվատորիայի լավագույն շրջանավարտերի համար նախատեսված մարմարյա պատվո տախտակին: Մյասկովսկու դասարանում Խաչատրյանը հանդիպեց նաև իր ապագա կնոջը՝ շնորհալի կոմպոզիտոր և դաշնակահարուհի Նինա Մակարովային: Ստեղծագործական բուռն գործունեության փուլը նշանավորվում է դաշնամուրային կոնցերտով (1936 թ.), որը կոմպոզիտորը գրեց կոնսերվատորիայի ասպիրանտուրայում սովորելու շրջանում, Մյասկովսկու ղեկավարությամբ: 1937 թ. Խաչատրյանը ստանձնեց Մոսկվայի կոմպոզիտորների միության նախագահի տեղակալի պաշտոնը, իսկ երկու տարի անց ընտրվեց Խորհրդային Միության կոմպոզիտորների միության կազմկոմի նախագահի տեղակալ, որտեղ գործում է շուրջ մեկ տասնամյակ: Գրելաոճի հասունացման շրջանի գործերից նշելի են Սիմֆոնիկ պոեմը, հայկական առաջին՝ «Երջանկություն» բալետը, ջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտը (1940 թ.) և այլն: 1941 թ. ստեղծվեց Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը: Հայրենական Մեծ պատերազմի (1941-1945 թթ.) շրջանում՝ 1942 թ. դեկտեմբերին, Պերմում գտնվող Լենինգրադի Կիրովի անվան օպերային թատրոնը հանդես եկավ Խաչատրյանի «Գայանե» բալետի բեմադրությամբ (հիմքում կոմպոզիտորի առաջին՝ «Երջանկություն» բալետն է): 1943 թ. դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցավ Խաչատրյանի երկրորդ՝ «Զանգերով» սիմֆոնիայի պրեմիերան: Այն Հայրենական Մեծ պատերազմի թեմայի գեղարվեստական մեծակտավ ներկայացումն էր: Սիմֆոնիայի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերը կոմպոզիտորը գրեց ընդամենը 17 օրում: 1946 թ. ստեղծվեց երրորդ՝ Թավջութակի կոնցերտը: Մեծ կարեւորություն տալով մենակատարին, Խաչատրյանն իր երեք կոնցերտների առաջին կատարումները վստահել է պրոֆեսիոնալ և անվանի կատարողների: Դաշնամուրային կոնցերտի առաջին կատարողը Լև Օբորինն էր, ջութակի կոնցերտի մենակատարը՝ Դավիթ Օյստրախը, իսկ թավջութակի կոնցերտը կատարեց Ստանիսլավ Կնուշևիցկին: Հենց այս կատարողներին էլ նվիրված են համապատասխան կոնցերտները: 1940-ական թթ. վերջին կոմպոզիտորը տարված էր հաջորդ մեծակտավ գործի՝ «Սպարտակ» բալետի աշխատանքներով: Նույն տարիներին ակտիվորեն զբաղվում է նաև մանկավարժական (Մոսկվայի կոնսերվատորիա, Գնեսինների անվան ինստիտուտ) եւ կատարողական (դիրիժորական) գործունեությամբ: Նրա ստեղծագործական դասարանն են ավարտել մի շարք անվանի կոմպոզիտորներ, այդ թվում՝ Միքայել Թարիվերդիևը, Էդուարդ Խաղագործյանը, Էդգար Հովհաննիսյանը, երաժիշտներ Ռումինիայից, Ճապոնիայից, Կուբայից, Բուլղարիայից և այլ երկրներից: 1954 թ. Խաչատրյանն արժանանում է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչմանը: 1956 թ. դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի պետական թատրոնում բեմադրվեց 20-րդ դարի ամենահայտնի բալետներից մեկը՝ «Սպարտակը», որից հետո այն ներկայացվեց Հայաստանի և արտերկրի բազմաթիվ օպերային թատրոններում: Խաչատրյանը շարունակում էր երաժշտություն գրել նաև բեմադրությունների և կինոնկարների համար, որոնցից հատկանշական են Բ. Լավրենևի «Լերմոնտով» պիեսի, Շեքսպիրի «Մակբեթ» (նոր տարբերակ) եւ «Լիր արքա» ներկայացումների, ինչպես նաեւ «Օթելլո» ֆիլմի համար գրված գործերը: Կյանքի վերջին երկու տասնամյակներին՝ ստեղծագործական ուշ շրջանում, կոմպոզիտորը ստեղծում է գործիքային երաժշտություն: Դրանցից ուշագրավ են դաշնամուրային սոնատը, ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար գրված երեք կոնցերտ-ռապսոդիաները, մենանվագ սոնատները՝ ջութակի, թավջութակի և ալտի համար, ինչպես նաև փոքր կտավի գործերը (թիվ 2 մանկական ալբոմ): Խաչատրյանի վերջին ելույթը 1978 թ. էր մարտի 6-ին էր՝ Մոսկվայի կոմպոզիտորների միության նիստի ժամանակ, ուր ելույթ ունեցավ ռուս խոշորագույն կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի մահվան 25-րդ տարելիցի առիթով: Կոմպոզիտորը մահացել է 1978 թ. մայիսի 1-ին, երկարատև, ծանր հիվանդությունից: Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում սգո հանդիսավոր արարողությունից հետո, համաձայն կոմպոզիտորի վերջին ցանկության՝ նրա աճյունը տեղափոխվեց Երևան և մայիսի 6-ին Արվեստի գործիչների պանթեոնում (այժմ՝ Կոմիտասի անվան պանթեոն) հանձնվեց հողին: Հայկական առաջին բալետի («Երջանկություն»), սիմֆոնիայի, կոնցերտի (դաշնամուրային կոնցերտ) եւ ֆիլմի («Պեպո») երաժշտության հեղինակ Արամ Խաչատրյանը ստալինյան չորս (1941, 1943, 1946, 1950 թթ.), լենինյան (1959 թ., «Սպարտակ» բալետի համար) և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր (1971 թ.) էր, հայկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963 թ.)։ Արամ Խաչատրյանի անունն են կրում Հայաստանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, դաշնակահարների և կոմպոզիտորների ամենամյա մրցույթը, լարային կվարտետ, փողոցներ, դպրոցներ: 1978 թ. Երևանում մեծանուն կոմպոզիտորի առանձնատան հիման վրա հիմնադրվեց նրա տուն-թանգարանը (1947 թ. տունը կոմպոզիտորին նվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը):