Արմինե Գրիգորյան

Sep 30 1967

Արմինե Գրիգորյանը ժամանակակից դաշնամուրային հայ արվեստի ամենավառ ներկայացուցիչներից է: Մասնագիտական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնուհետև ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ասպիրանտուրան՝ պրոֆեսորներ Գեորգի և Սերգեյ Սարաջյանների ղեկավարությամբ: 

Համերգային շրջագայություններով, որպես մենակատար, հանդես է եկել Ռուսաստանում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում, Իսպանիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Բուլղարիայում, Մերձբալթյան երկրներում, Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), Լիբանանում, Չինաստանում, Ճապոնիայում, Ավստրալիայում, ԱՄՆ–ում, Կանադայում, Մեքսիկայում և այլն: 

«Հռոմ 2003» դաշնակահարների միջազգային մրցույթի ժամանակ արժանացել է կրկնակի դափնեկրի կոչման և շքանշանի` Հռոմի դեպուտատների պալատի կողմից: Միջազգային տարբեր փառատոնների մասնակից է: Նույն թվականին Արմինե Գրիգորյանը Սոնա Բարսեղյանի հետ (դաշնամուրային դուետ «Սոնետ») արժանացել է Հռոմի «Ֆրեդերիկ Շոպեն» ասոցիացիայի կողմից կազմակերպված Միջազգային մրցույթի մրցանակին, նաեւ Սերջիո Կալիգարիսի ստեղծագործությունների լավագույն կատարման հատուկ մրցանակին:    Թողարկել է մի քանի ձայնասկավառակներ՝ այդ թվում «Արամ Խաչատրյան. անհայտ էջեր» սկավառակը:

2005 թ. – ից հանդես է գալիս որպես Արամ Խաչատրյան Տրիոյի (ջութակահար Կարեն Շահգալդյանի և թավջութակահար Կարեն Քոչարյանի հետ) դաշնակահար: Տրիոն  համերգներով հանդես է եկել համաշխարհային տարբեր հեղինակավոր համերգասրահների բեմահարթակներում, այդ թվում՝ Վիեննայի (Musikverein), Համբուրգի (Laiezhalle), Լայպցիգի (Gewandhaus),  Մյունխենի (Gasteig - Philharmonie)  Լոնդոնի (Quen Elizabeth Hall), Տոկիոյի (Suntory Hall), Տորոնտոյի (Koerner Hall) և այլն:

Արմինե Գրիգորյանը Արամ  Խաչատրյանի անվան տրիոյի մյուս երաժիշտների հետ, լոնդոնահայ բարերար Ասատուր Գյուզելյանի աջակցությամբ ստեղծել է «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամ»-ը, որը պրոպագանդում է մասնավորապես հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները և աջակցում շնորհալի պատանի երաժիշտներին: Արմինե Գրիգորյանը Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է և 2004 թ. –ից ղեկավարում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը: