Ղազարոս Սարյան

Sep 20 1920

Ղազարոս (Լազար) Սարյան. կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտա-հասարակական գործիչ, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի Պետական մրցանակի դափնեկիր: Ծնվել է 1920 թ. սեպտեմբերի 30-ին, Դոնի Ռոստովում: Վաղ մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: Սերն արվեստի հանդեպ ժառանգել է ծնողներից՝ հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանից  և Լուսիկ Աղայանից (գրող Ղազարոս Աղայանի դուստրը): Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային կից դպրոցի դաշնամուրային բաժնում (Ե. Խոսրովյանի դասարան), ապա 1934-1938 թթ. շարունակել է ուսանել նույն կոնսերվատորիայի  ստեղծագործական բաժնում՝ Վարդգես Տալյանի և Սարգիս Բարխուդարյանի դասարաններում: Կարճատև, բայց կարևոր նշանակություն ունեցավ ուսումը Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում (Վ. Շեբալինի ստեղծագործական դասարան), քանի որ հատկապես այստեղ ամրապնդվեցին նրա երաժշտատեսական  գիտելիքները:

1939 թ. զորակոչվել է Խորհրդային բանակ, 1941-1945 թթ. մասնակցել  Հայրենական մեծ պատերազմին: Վորոնեժից 2 կմ հեռավորության վրա գտնվող զենիթա-գնդացրային № 7 զորագնդի ծանր մարտերը կոմպոզիտորի շնորհիվ ուղեկցվում էին երաժշտությամբ: Այստեղ նա նվագում էր բայան, իսկ նրա հեղինակած երգերը երգում էր ամբողջ գունդը: Պատերազմի ավարտից հետո՝  1945-1950 թթ. Սարյանը սովորել է Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, ուր ուսանել է Դ. Կաբալևսկու, Դ. Շոստակովիչի և Ա. Ալեքսանդրովի մասնագիտական դասարաններում: Հատկապես արժեքավոր  էին դասերը Դմիտրի Շոստակովիչի դասարանում, որոնք առավել էին, քան ուսանող-դասախոս կապը և ընդգրկում էին արվեստն արտացոլող առավել լայն հարցերի շրջանակ: Որպես դիպլոմային աշխատանք կոմպոզիտորը ներկայացնում է Սիմֆոնիկ պոեմը (1950 թ.), որը հանդիսանում է կոմպոզիտորի հասուն ստեղծագործական շրջանի սկիզբը: Ավարտելով կոնսերվատորիան՝ վերադարձել է Հայաստան՝ ծավալելով երաժշտա-հասարակական և մանկավարժական ակտիվ գործունեություն: Նույն՝ 1950 թ.-ից Երևանի պետական կոնսերվատորիայում դասավանդել է գործիքագիտություն, ապա ղեկավարել ստեղծագործական դասարան:

1954-1957 թթ. Ղ. Սարյանը Հայաստանի Կոմպոզիտորական կազմակերպության (այժմ՝ Հայաստանի Կոմպոզիտորների միություն) նախագահն էր: 1953 թ. կոմպոզիտորը ստեղծում է «Խաղաղության օրը» վոկալ-սիմֆոնիկ շարքը (խոսք՝ Հ. Ղուկասյանի)՝ բաղկացած երեք մասից՝ «Առավոտ», «Բերքի տոն», «Հանուն խաղաղության» (առաջին կատարումը՝ 1954 թ.): Ազգային սիմֆոնիկ երաժշտության բարձրարժեք գործերից է 1955 թ. ստեղծված «Սիմֆոնիկ պատկերները» («Նախերգ», «Տոնական», «Լուսաբաց», «Խնջույքի երգ», «Կատակային», «Վերջերգ», «Հրդեհ»): Այստեղ շարքի մասերն իրար են կապակցվում ժողովրդական «Նուբար-նուբար» երգի միջոցով: 1957 թ. ստեղծվում է սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Հանդիսավոր նախերգանքը»:Երաժշտա-հասարակական գործունեությունը, որը Սարյանը կատարում էր մեծ պատասխանատվությամբ, որոշ առումներով խլում էր նաև նրա ստեղծագործական ժամանակը: Շուրջ  26 տարի՝ 1960-1986 թթ. Ղ. Սարյանը եղել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը, այնուհետև 1986-1998 թթ.՝ կոնսերվատորիայում ստեղծագործական ամբիոնի վարիչ: 1966 թ. կոմպոզիտորն  ավարտում է իր լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն՝ բաղկացած չորս մասից՝ «Գառնի», «Հին Երևանը», «Արարատյան հովիտը», «Արևային բնանկար»: Ստեղծագործությունը մշակվել է Մարտիրոս Սարյանին ներկայացնող վավերագրական ֆիլմի (1965 թ.) երաժշտության հիման վրա: Այն ոգեշնչված է նկարչի կտավներով, նրա գունեղ ներկապնակի արտացոլումն է երաժշտության միջոցով:

1963-1967 թթ. ընթանում է  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կառուցման և առաջին ցուցադրության կազմակերպման աշխատանքները։ Ղ. Սարյանը ստանձնում է թանգարանի  առաջին տնօրենի պաշտոնը: 1968 թ. Ղազարոս Սարյանն ամուսնանում է երաժշտագետ Արաքսի Հարությունյանի (Սարյան) հետ (երկրորդ ամուսնություն):Կոմպոզիտորի ստեղծագործական ուշ շրջանի գործերից են Ջութակի և նվագախմբի կոնցերտը (1973 թ.), Սիմֆոնիան (1980 թ.), Լարային կվարտետը (1987 թ.): Սարյանի ստեղծագործական ժառանգության մեջ կարևոր նշանակություն ունի նրա ստեղծած կինոերաժշտությունը: Դրանցից են «Մանրուք» (1954 թ.), «Հովազաձորի գերիները» (1957 թ.), «Առաջին սիրո երգը» (1958 թ., Առնո Բաբաջանյանի համահեղինակությամբ),  «01-99» (1959 թ.),  վավերագրական «Մարտիրոս Սարյան» (1965 թ.) ֆիլմերի երաժշտությունները: Հիշարժան է  Տիգրան Չուխաջյանի  «Կարինե» («Լեբլեբիջի») օպերետի էկրանավորման առիթով արված երաժշտության գործիքավորման և խմբագրման աշխատանքը (Տիգրան Մանսուրյանի հետ համատեղ):

1972 թ. Սարյանը ստացել է պրոֆեսորի գիտական աստիճան, իսկ 1983 թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Պետական  մրցանակով:Կոմպոզիտորի վերջին շրջանի կարևոր գործերից են դաշնամուրի համար գրված «Երեք պոստլյուդները» (1990 թ.), «Պասակալիա»-ն սիմֆոնիկ նվագախմբի համար  (1994 թ., նվիրված  է դստեր՝ Լուսիկ Սարյանի հիշատակին), ջութակի և կամերային նվագախմբի համար «Անդանտե և Պրեստո»-ն (1997 թ.): Սարյանի ստեղծագործական դասարանում են սովորել կոմպոզիտորներ  Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Ալթունյանը, Ռուբեն Սարգսյանը, Ստեփան Լուսիկյանը, Վարդան Աճեմյանը, Ստեփան Ռոստոմյանը և  այլոք: Ղազարոս Սարյանը մահացել է 1998 թ. մայիսի 27-ին, Երևանում: Հանգչում է Երևանի Թոխմախի գերեզմանատանը: Կոմպոզիտորի  անունն են կրում Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիան, Երևան քաղաքի համար 1 արվեստի դպրոցը, Արարատ քաղաքի միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցը, լարային քառյակ, Հունաստանի Սալոնիկ քաղաքի Համազգային մշակութային կենտրոնը: