Հայկ Մելիքյան

Nov 29 1980

Հայկ Մելիքյանը համաշխարհային ունկնդրի և քննադատների կողմից  ճանաչված է որպես Հայաստանի առաջատար երաժիշտներից մեկը, ով իր վառ երևակայությամբ և վիրտուոզ կատարողականությամբ մեր օրերի համաշխարհային դաշնամուրային արվեստում զբաղեցրել է իր եզակի հարթակը: Իր երաժշտական առաջին քայլերն արել է վեց տարեկանից` Իրինա Գրիշինսկայայի ղեկավարությամբ, այնուհետև պրոֆեսիոնալ ուսումը շարունակել է Երևանի պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի դասարանում:

Հայկ Մելիքյանի միջազգային բեմելը կայացել է Հռոմում կայացած “Concerto di Concerti” 20-րդ դարի երաժշտությանը նվիրված միջազգային փառատոնում: Նա ակտիվ համերգային գործունեություն է վարում Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային ամերիկաների բազում երկրներում, ելույթ ունենում այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Ժնևի Victoria Hall, Լիսաբոնի Gulbenkian Grand Auditorium, Ամստերդամի Conertgebouw, Տոկիոյի Santory Hall և այլն: Հայկ Մելիքյանը միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում. Concours d’Orléans (Ֆրանսիա), Ibla Grand Prize (Իտալիա), Yvar Mikhashoff Trust for New Music (ԱՄՆ), Premio Valentino Bucchi (Իտալիա) և այլն: Համաշխարհային ժամանակակից երաժշտության պրոպագանդման համար 2012 թ. Մոսկվայի կոմպոզիտորների տան անունից Դաշնակահարին շնորհվել է ոսկե մեդալ:

2013 թ. Հայկ Մելիքյանն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Հայկ Մելիքյանը հայ և օտարազգի բազմաթիվ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է, որոնցից շատերը հատուկ գրվել են նրա համար:  Այս գործունեությունը հանգեցրեց Դաշնակահարին 2009 թ. հիմնելու 1900+ համերգաշարը` նվիրված 20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտությանը: Հայկ Մելիքյանի սոլո ալբոմները թողարկվել են տարբեր երաժշտական ընկերությունների կողմից, այդ թվում Naxos-ի՝ դասական երաժշտության աշխարհի առաջատար ընկերության կողմից: 2018 թ. ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակում Naxos Grand Piano լեյբլի կողմից թողարկված Հայկ Մելիքյանի «Հարությունյան՝ դաշնամուրային լիակատար ստեղծագործություններ» ձայնասկավառակն ընտրվել է որպես «Տարվա լավագույն դասական ալբոմ»: Աշխարհի տարբեր երկրներում Հայկ Մելիքյանը պարբերաբար վարում է վարպետության դասեր:

Նա բազմաթիվ այնպիսի փառատոների հրավիրյալ երաժիշտ է, ինչպիսիք են «Festival de Valmagne» և «Festival de Musique en Côte de Nacre» (Ֆրանսիա), «O/MODERNT» (Շվեդիա), Վարշավայի «Royal Arcades of Art» (Լեհաստան), Սան Լեո երաժշտական փառատոնը (Իտալիա), «Les Musicales de Baabdath» (Լիբանան), “Երևանյան» և “Արամ Խաչատրյան» միջազգային երաժշտական փառատոնները և այլն: Դրանցից շատերը ժամանակակից երաժշտությանը նվիրված հանրաճանաժ փառատոներ են՝ «Փարոս» (Կիպրոս), Լվովի «Contrasts”, Կիևի «GogolFest» (Ուկրաինա), Սոֆիայի «ppIANISSIMO» (Բուլղարիա), «Nuovi Spazi Musicali» միջազզգային փառատոնները և այլն: Հայկ Մելիքյանը համագործակցել է այնպիսի հանրահռչակ կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Դյորդ Կուրտագը, Պետերիս Վասկսը, Տիգրան Մանսուրյանը, Ջոնաթան Հարվին և Պիեր Բուլեզը:

2018 թ. Դաշնակահարը կատարել է Արվո Պյարտի Lamentate-ի հայաստանյան պրեմիերան՝ դաշնամուրի և նվագախմբի համար՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: 2019 թ. Aurora Prize-ի հրավերով Հայկ Մելիքյանը ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: Որպես կոմպոզիտոր, Հայկ Մելիքյանը հեղինակ է դաշնամուրային, կամերային-գործիքային, վոկալ և նվագախմբային ստեղծագործությունների: Նրա դաշնամուրային փոխադրումները, համերգային պարաֆրազներն ու մշակումները աշխարհի շատ դաշնակահարների նվագացանկերի անբաժանելի մասն են: