Խաչատուր Ալմազյան

Dec 10 1974

Ջութակահար և պրոդյուսեր Խաչա­տուր Ալմազյանը Almazian Symp­ho­ny նվագախմբի հիմնադիրն է: Sony Music Entertainment-ի հետ հա­մա­գործակցությամբ Almazian Symphony նվագախումբը թողարկել է իր առա­ջին ալբոմը Ֆրանսիայի Ազգա­յին հեռուստատեսության հետ համա­տեղ (France Televisions): 2018-ին կայացել է Խաչատուր Ալմազյանի և իր նվագախմբի ելույթը համաշխարհային հեղինակություն վայելող բալետի աստղ Սերգեյ Պոլունինի հետ Exit Festival-ում՝ գրանցելով 44.000 հանդիսատես:

Խ. Ալմազյանն իր նվագախմբի հետ ձայնագրել է Էմիր Կուստուրիցայի «Ծիր կաթին» ֆիլմի երաժշտությունը (կոմպոզիտոր՝ Ստրիբոր Կուստուրիցա) և նույն ֆիլմում նկարահանվել է հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչիի հետ: Խաչատուր Ալմազյանը ծնվել է Երևանում՝ երաժշտական ըն­տա­նիքում: Սովորել է Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ում՝ պրոֆ. Պետ­րոս Հայկազյանի դասարանում: Երևանի կոնսերվա­տո­րի­ա­յում նրա դասատուն էր պրոֆ. Վիլլի Մոկացյանը: Կատարելագործվել է Բրյուսելի Թագավորական կոնսերվա­տո­րիայում՝ պրոֆ. Իգոր Օյստրախի, Նյու Յորքում՝ Միշա Քեյ­լի­նի և Փարիզում՝ Էդուարդ Վուլֆսոնի ղեկավարությամբ:

1997-ին արժանացել է Բելգիայի ռադիոյի և հեռուստա­տեսու­թյան մրցույթի Առաջին մրցանակին: Խաչատուր Ալմազյանը համագործակցել է Գիլբերտ Վար­գայի, Յուստուս Ֆրանցի, Սաուլյուս Սոնդեցկիսի, Ֆրենկ Շիփուեյի, Կոլյա Բլախերի, Ռուդոլֆ Վերթենի, Քրիստիան Բորի, Ալեքսանդր Մարկովիչի, Պոլինա Լեշչենկոյի, Մարկո Պարիսոտտոյի, Ֆրանկ Շպրիգուելի, Ուոլթեր Նոտասի, Օլեգ Պոլյանսկու, Վալերի Օյստրախի և այլ հայտնի երաժիշտների հետ:

Ալմազյանը հանդես է եկել և ձայնագրություններ կա­տա­րել Shanghai Symphony, Ontario Philharmonic, Royal Scottish National Orchestra, National Orchestra of Belgium, Belgian Radio Philharmonic, Charlemagne Orchestra, I Fiamminghi, Orchestre Royal de Chambre de Wallonie, Moravian Philharmonic, Virtousi di Praga, Northern Mexico Philharmonic, Voj­vo­dina Symphony, Philharmonie der Nationen, Geneva Soloists, Dubrovnik Symphony, «Հայաստանի վիրտուոզներ» և այլ նվա­գա­խմբերի հետ: Մասնակցել է մի շարք միջազգային փառա­տո­ների. Rheingau, Schleswig-Holstein, Ost-West-Musicfest, Finca, Van Vlaanders, Menton և այլն:

Խաչատուր Ալմազյանը նվագում է Ջուզեպե Գալիանոյի 1774-ին կերտած ջութակով (Արա Սիմոնյանի անձնական հավաքածուից), ինչպես նաև Գարնիե ընտանիքի կողմից տրամադրած Gand & Bernardel (1886) ջութակով: Ալմազյանը ձայնագրել է երկու ալբոմ Sonoris ձայնագրման ֆիրմայում (ԱՄՆ): Որպես պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը իրականացնում է տարբեր նախագծեր, որոնց թվում արվեստի փառատոներ, արհեստական ին­տե­լեկտի զարգացման երաժշտական ստեղծա­գործու­թյուն­ներ և այլն: Խաչատուր Ալմազյանը եղել է Էմիր Կուստուրիցա­յի և նրա The No Smoking նվագախմբի հայաստանյան հյուրախաղերի կազմակերպիչը և պրոդյուսերը: