Կոմիտաս Վարդապետ

Oct 08 1968

Կոմիտաս (Սողոմոն Գեւորգի Սողոմոնյան). կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ, խմբավար, մանկավարժ, բանաստեղծ, հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:
Ծնվել է 1869 թ. սեպտեմբերին 26-ին, Թուրքիայի Քյոթահիա (Կուտինա) քաղաքում (նախնիները սերում էին Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառից):
1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գեւորգ վարդապետ Դերձակյանը որբացած Սողոմոնին բերել է Էջմիածին եւ ուսման տվել Գեւորգյան ճեմարանում, որտեղ գեղեցիկ ձայնի եւ երաժշտական ցայտուն ունակությունների շնորհիվ հատուկ ուշադրություն են դարձրել նրա երաժշտական դաստիարակությանը: Ճեմանարում ուսանելու տարիներին Կոմիտասը հիմնովին յուրացրել է եկեղեցական երաժշտության տեսական ու գործնական հիմունքները, հայկական նոտագրությունը: Այս շրջանից էլ սկսել է հայկական ժողովրդական երգերի հավաքման եւ ուսումնասիրության աշխատանքը, կատարել առաջին ստեղծագործական փորձերը:

1893 թ.ուսումնավարտելուց հետո պաշտոնավարել է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ: 1894 թ. ձեռնադրվել է աբեղա եւ ստացել Կոմիտաս անունը` ի պատիվ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի (VII դար): 1895 թ. դարձել է վարդապետ: Մասնագիտական հետագա կատարելագործման նպատակով նույն տարվա աշնանը Թիֆլիսում ուսանել է Մակար Եկմալյանի մոտ, այնուհետեւ մեկնել Բեռլին, որտեղ 1896-1899 թթ. սովորել է Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում եւ Ֆրիդրիխ Վիլհելմ Արքունի համալսարանում (ներկայումս՝ Հումբոլդտ համալսարան): Ուսումն ավարտելուց հետո ընդգրկվել է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության (ՄԵԸ) կազմում, հանդես եկել ընկերության ժողովներում հայ ժողովրդական եւ հոգեւոր երաժշտության մասին զեկուցումներով: Էջմիածին վերադառնալով` Կոմիտասը նոր եռանդով վերսկսել է բազմակողմանի երաժշտական գործունեությունը (ժողովրդական երգերի գրառում եւ մշակում, հայ ժողովրդական եւ հոգեւոր երաժշտության ուսումնասիրություն, մանկավարժություն): 1905-1906 թթ. մեծ հաջողությամբ հանդես է եկել եվրոպական երկրներում` հայ երաժշտության վերաբերյալ դասախոսություններով եւ հայ ժողովրդական ու հոգեւոր երգերի իր մշակումները ներկայացնող համերգներով: 1910 թ. Կոմիտասը տեղափոխվել եւ մշտական բնակություն է հաստատել Կ. Պոլսում: Այստեղ հիմնել է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը` համերգներ տալով Կ. Պոլսում, Ադաբազարում, Կահիրեում եւ այլուր: Միաժամանակ շարունակել է ակտիվ գիտական գործունեությունը, հանդես եկել հոդվածներով եւ զեկուցումներով: 1915 թ. թուրքական կառավարության իրագործած Հայոց ցեղասպանության ժամանակ ապրած արհավիրքը խորապես ցնցել է Կոմիտասին` ընդհատելով նրա բուռն եւ բազմակողմանի գործունեությունը: Կոմիտասի կյանքի վերջին տարիներն անցել են Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հոգեբուժարանում, որտեղ էլ նա վախճանվել է 1935 թ. հոկտեմբերի 20-ին:

1936 թ. Կոմիտասի աճյունը տեղափոխվել է Երեւան եւ ամփոփվել մշակույթի գործիչների պանթեոնում (հետագայում` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն): 2015 թ. հունվարի 29-ից պանթեոնի հարեւանությամբ գործում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Կոմիտասի անունն են կրում հայաստանյան կոնսերվատորիան (Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա), ինչպես նաեւ մի շարք այլ մշակութային հաստատություններ (համերգասրահներ, դպրոցներ), փողոցներ: Նրան պատկերող արձաններ են տեղադրվել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: 2018 թ. ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է Կոմիտասին պատկերող թղթադրամ (10.000 ՀՀդրամ): Կոմիտասի երաժշտական-ազգագրական, գիտական եւ ստեղծագործական գործունեությունն անգնահատելի նշանակություն ունեցավ հայ ազգային երաժշտական մշակույթի զարգացման համար: Հայ գեղջուկ երգի ավելի քան երեք հազար նմուշների կոմիտասյան գրառումներն արտացոլում են հայ ժողովրդական երգարվեստի ժանրային բազմազանությունը, ազգային երաժշտության լեզվաոճական առանձնահատկությունների հարստությունն ու ինքնատիպությունը: Այդ երգերի մշակումները կատարված են ժողովրդի պատմության ու հոգեբանության խոր իմացությամբ, արվեստագետի բծախնդիր եւ գիտական-վերլուծական մոտեցմամբ: Նույնքան արժեքավոր են հայ հոգեւոր երգարվեստի նմուշների` Կոմիտասի կատարած գրառումներն ու մշակումները, որոնցում նա հանդես է գալիս որպես հայ հոգեւոր երաժշտության փայլուն գիտակ: Կոմիտասը հայտնաբերել է հայ ժողովրդական եւ հոգեւոր երգարվեստի մի շարք հնագույն եւ բարձրարվեստ նմուշներ` փրկելով դրանք անդառնալի կորստից (հորովելները, «Մոկաց Միրզա» վիպերգը, հոգեւոր տաղերը եւ այլն): Երաժշտագետ Կոմիտասը հայ երաժշտական ֆոլկլորագիտության եւ միջնադարագիտության հիմնադիրն է:

Իր տեսական աշխատություններում նա մասնավորապես անդրադարձել է հայ ժողովրդական երգի տեսակներին եւ կառուցվածքաբանական հատկանիշներին, հոգեւոր երգարվեստի կազմավորմանն ու զարգացման ընթացքին, խազաբանության հարցերին: Սկզբունքային նշանակություն ունի Կոմիտասի կողմից հայ ժողովրդական եւ հոգեւոր երաժշտության հիմքերի միասնության բացահայտումը: Կոմիտասի ստեղծագործագործական ժառանգությունը սերում է հայ ժողովրդական եւ հոգեւոր երգարվեստի ակունքներից: Հոգեւոր գործերի շարքում կենտրոնական տեղ է գրավում արական խմբի համար գրված «Պատարագը»` ազգային պրոֆեսիոնալ երաժշտության կանտատային-օրատորիալ ժանրի առաջին դասական նմուշներից մեկը: Գործիքային ժանրի հազվագյուտ նմուշ է բարձր գեղարվեստականությամբ օժտված «Դաշնամուրային պարեր» շարքը:

Պահպանվել են նաեւ դրվագներ երաժշտաբեմական մտահղացումներից («Քաղաքավարության վնասները», «Սասնա ծռեր»), օպերային էսքիզներ («Անուշ»): Կոմիտասի ինքնատիպ ստեղծագործական ոճի հիմքում հայ ազգային երաժշտամտածողության առանձնահատկությունների եւ իր ժամանակի եվրոպական դասական երաժշտության արտահայտչամիջոցների վարպետորեն իրագործված սինթեզն է: Մյուս կողմից` երաժշտական լեզվի ոլորտում Կոմիտասի կիրառած մի շարք նորարարական սկզբունքները, որոնք բխում էին հայ ազգային երաժշտության ձայնեղանակային օրինաչափություններից, հիմք են տալիս դիտարկելու նրան 20-րդ դարասկզբի համաշխարհային երաժշտական արվեստի առաջատար բարենորոգիչների շարքում: Կոմիտասի ստեղծագործությունը լայն հեռանկարներ բացեց հայ ազգային երաժշտարվեստի զարգացման համար` դնելով այն համաշխարհային երաժշտության հունի մեջ: