Մեդեա Աբրահամյան

Mar 08 1932

Ծնվել է 1932 թվականի մարտի 8-ին, Երևանում: 1941-1950 թթ. սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում (Կոնստանտին Խիզանյանի և Լևոն Գրիգորյանի դասարան): 1950-1953 թթ. կրթությունը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Լևոն Գրիգորյանի դասարան): 1953-1956 թթ. սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ ուսանելով աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում: 1955 թվականին Պրահայի Հանուշ Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր է:

Հայ առաջին թավջութակահարն է, ով պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր: Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացիալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։ Ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Նյու Յորքի «Carnegie Hall», Փարիզի «Théâtre des Champs Elysées», «Salle Pleyel», Բուենոս Այրեսի «Teatro Colón», Լյուքսեմբուրգի «Grand Théâtre», Մոսկվայի «Bolshoi Théâtre» և այլուր: Որպես երաժշտական փառատոների ժյուրիի անդամ և նախագահ՝ հանդես է եկել տարբեր երկրներում, վարել վարպետության դասեր:

1957 թվականից դասավանդում է Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում, 1960 թվականից՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1983 թվականից՝ պրոֆեսոր)։ Նրա դպրոցն այսօր լայն ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Նրա հայ, ռուս, չինացի, իրանցի և տարբեր այլ ազգությունների ուսանողներն այսօր փայլում են ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Բուլղարիայի և այլ երկրների բեմերում: Եղել է Երևանի քաղաքային Սովետի պատգամավոր (1965):

Թավջութակային գրականության բազում ստեղծագործություններ, որոնց գերակշիռ մասի առաջին կատարողն է եղել, գրվել են Մեդեա Աբրահամյանի կատարողական արվեստի շնորհիվ: Նրան նվիրված ստեղծագործություններ են հորինել հայ և օտարազգի մի քանի տասնյակ կոմպոզիտորներ (Էդուարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Ավետ Տերտերյան, Էդգար Հովհաննիսյան, Արտեմի Այվազյան, Ղազարոս Սարյան, Ադամ Խուդոյան, Մարտուն Իսրայելյան, Աշոտ Զոհրաբյան, Ռուբեն Սարգսյան, Էմին Արիստակեսյան, Էդուարդ Հայրապետյան, Ալեքսանդր և Վարդան Աճեմյաններ, Սեպուհ Աբգարյան, Ալիսիա Թերզյան, Լևոն Աստվածատրյան, Սուրեն Զաքարյան, Էդուարդ Սադոյան, Յուրի Գևորգյան, Իզաբելլա Արազովա, Ֆելիքս Գլոնտի, Զոլտան Ալմաշի, Եժի Մլոդիևսկի, Թենգիզ Շավլոխաշվիլի, Վաժա Ազարաշվիլի, Յուրի Լանյուկ և ուրիշներ):

Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ: