Միքայել Հախնազարյան

Sep 03 1976

Ծնվել է 1976 թ․-ին, երաժշտությամբ սկսել է զբաղվել ինը տարեկան հասակից։ Ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, կրթությունը շարունակել է Սիոնի (Շվեյցարիա) Տիբոր Վարգայի երաժշտական ակադեմիայում Մարսիո Կարնեիրոյի դասարանում և Բազելի Բարձրագույն երաժշտական քոլեջը ՝ Իվան Մոնիգետիի դասարանում։ Նրան միշտ ոգեշնչել է Սթիվեն Իսերլիսը և բազմիցս մասնակցել է նրա վարպետության դասերին։

Միքայել Հախնազարյանը մշտապես հանդես է գալիս որպես մենակատար և կամերային համերգներում։ Նա որպես մենակատար բազմիցս ելույթ է ունեցել Բասկոնիայի ազգային նվագախմբում, Լյուցեռնի սիմֆոնիկ նվագախմբում, Բեռնի կամերատայում, անվանի դիրիժորներ Նիկոլաուս Հարնոնկուրտի, Ֆրանց Վելստեր-Մոստի և Քրիստոֆ ֆոն Դոնյանիի հետ։ Վերջին տարիներին ելույթ է ունեցել Մյունխենի, Բազելի կամերային, Գշտատի փառատոնի նվագախմբերի, Բեռնի կամերատայի կազմում՝ որպես թավջութակահարների կոնցերտմայստեր։

2001- 2004 թթ․ Միքայել Հախնազարյանը եղել է Ցյուրիխ լարային քառյակի անդամ։ 2004-ից հանդես էր գալիս Բազելի ակադեմիայի քառյակի կազմում, մինչև 2008 թ․-ը, երբ առաջարկ ստացավ ելույթ ունենալու բեռլինյան հայտնի Կուս քառյակի կազմում, որը ելույթ է ունեցել Վիեննայի հռչակավոր Մուսիկֆերայնում, Նյու Յորքի Քարնեգի Հոլլում, Լոնդոնի Վիգմոր Հոլլում,  Ռեյնգաուի, Վերբիերի փառատոներում։ Կամերային համերգների շրջանակներում ելույթ է ունեցել Մոյկա Էրդմանի, Շարոն Քամի, Լիֆ Օվե Անդսնեսի, Միկլոշ Պերենյիի, Կիրիկ Գերշտայնի, Պիեր-Լորան Էմարի հետ։ Այսօր նա Մյունխենի կամերային նվագախմբի թավջութակահարների կոնցերտմայստերն է, հաճախ ելույթ է ունենում Բեռլինի ֆիլհարմոնիկի կազմում։ Հախնազարյանը նվագում է 1735 թ․-ին ստեղծած Անդրեա Կաստանյերիի թավջութակով։