Անցնել բովանդակությանը
Ռուզան  Մանթաշյան

Ռուզան Մանթաշյան

Սոպրանո

Կենսագրություն

Սոպրանո Ռուզան Մանթաշյանը ծնվել է Երևանում։ Դաշնամուր է սկսել նվագել յոթ տարեկանից, մի քանի տարի անց վոկալի դասեր է ստացել պրոֆ. Վալերի Հարությունովի դասարանում: Կատարելագործել է իր հմտությունները Միրելլա Ֆրենիի Accademia di Belcanto-ում (Մոդենա), այնուհետև՝ Ֆրանկֆուրտի կոնսերվատորիայում՝ Հեդվիգ Ֆասբենդերի դասարանում, որտեղ 2014-ին ստացել է մագիստրոսի կոչում: Մինչ 2016 թվականը կատարելագործվել է Փարիզի ազգային օպերայի Atelier lyrique-ում։

Ռուզան Մանթաշյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Բարսելոնայում կայացած Ֆրանսիսկո Վինյասի անվան միջազգային մրցույթին արժանացել է հատուկ մրցանակի, իսկ Տոտի դալ Մոնտեյի անվան մրցույթում՝ Մյուզետտայի դերերգի համար (La Bohème) առաջին մրցանակի, որից հետո այդ դերերգով հանդես է եկել Իտալիայի բազմաթիվ բեմերում։

Սոպրանոյի երգացանկում ընդգրկված դերերից են Ֆյորդիլիջին(«Այսպես վարվում են բոլոր կանայք»), Միմին («Բոհեմ»), Մարգարիտը («Ֆաուստ»), Միքաելան («Կարմեն»), Կոմսուհի Ալմավիվան («Ֆիգարոյի ամուսնությունը»), Տատյանան(«Եվգենի Օնեգին»), Ռուսալկան համանուն օպերայից և այլ դերերգեր: Ռուզանը պարբերաբար ելույթ է ունենում այնպիսի թատրոններում, ինչպիսիք են Փարիզի ազգային թատրոնը, Ժնևի Մեծ Թատրոնը, Ցյուրիխի, Ամստերդամի, Համբուրգի օպերային թատրոնները և Բեռլինի Կոմիկ Օպերային թատրոնը: Հաջորդ թատերաշրջաններում ծրագրված են Նատաշա Ռոստովայի դերերգը «Պատերազմ եվ խաղաղություն» օպերայում, Ալիս Ֆորդը` «Ֆալստաֆ»-ում, Լիուն` «Տուրանդոտ»-ում :

Ռուզան Մանթաշյանը տիրապետում է անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ռուսերեն լեզուներին:

Այլ երաժիշտներ