Սևակ Ավանեսյան

Mar 17 1989

Սևակ Ավանեսյանը եղել է Բելգիայի Ազգային նվագախմբի թավջութակների խմբի կոնցերտմայստերը: Նա հանդիսանում է Իզայիի անվան մրցույթի, Triomphe de l’Art և ՀԲԸՄ-ի մրցույթների ժյուրիի մշտական անդամ: Սևակը միջազգային մրցույթների դափնեկիր է. «Young Soloists» (Լյուքսեմբուրգ, 1-ին մրցանակ), «Lions Club» European Competition (1-ին մրցանակ): Արժանացել է Բելգիայի երաժշտական քննադատների «Golden Lable» մրցանակի, ինչպես և «Belgische Stichting Roeping» և այլ մրցանակների:

Սևակ Ավանեսյանը ավարտել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիան (Վիվիեն Սպանոգեի դասարան): Կատարելագործվել է Բեռլինի Hans Eissler Musikhochschule-ում՝ Կլաուդիո Բոհորքեզի ղեկավարությամբ: Նրա իբրև թավջութկահարի կայացման գործում մեծ էր անվանի երաժիշտներ Յանոշ Շտարկերի, Բերնարդ Գրինհաուսի, Սթիվեն Իսերլիսի, Միշա Մայսկու, Մարիա Քլիգելի, Լյուիս Կլարեի, Պետեր Բրունսի, Գարրի Հոֆմանի, Վոլֆգանգ Բյոտխերի, Իգոր Օյստրախի, Արտեմիս կվարտետի, Գերհարդ Շուլցի արժեքավոր խորհուրդների դերը: Սևակ Ավանեսյանը ելույթներ է ունեցել Փարիզի Salle Gaveau, Բրյուսելի Palais des Beaux-Arts, Տորոնտոյի Ford Hall և այլ համերգասրաներում: 2017-ին Սևակը մասնակցել է Անտվերպենի Queen Elizabeth համերգասրահի բացման համերգին:

Որպես մենակատար հանդես է եկել Sinfonia Varsovia, Բելգիայի National Orchestra, Slovenia Symphony Orchestra, Indian Symphony Orchestra, La Chapelle Sauvage և այլ նվագախմբերի հետ: Սևակ Ավանեսյանը միջազգային փառատոների մասնակից է. Մոնպելիեի Festival de Radio France, Juventus Festival, Menton Festival, Բրյուսելի Brahms festival, Les Musicales de Cambrai և այլ փառատոներ: Համագործակցել է հայտնի դիրիժորներ Հանս Գրաֆի, Հյու Վոլֆի, Անդրեյ Բորեյկոյի հետ: Նրա մասնակցությամբ Բրյուսելում կայացած Ալեքսանդր Իռադյանի «DNA 15a15» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ գնահատվեց որպես «համերգաշրջանի լավագույն համերգ»:

Որպես կամերային երաժիշտ Ավանեսյանը ելույթներ է ունեցել Ագուստին Դումեյի, Ֆիլիպ Գրեֆինի, Պասկալ Դեվոյոնի, Պավել Գիլիլովի, Մաքսիմ Վենգերովի, Ալեքսեյ Մոշկովի, Յուրի Բաշմետի, Գիդոն Կրեմերի և այլ հայտնի երաժիշտների հետ: 2016-ին կայացավ Գոմես Շահբազյանի «Rhythm & Intervals» նկարահանած վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Սևակ Ավանեսյանի Բեռլինում անցկացրած ուսման տարիներին: Ֆիլմը մրցանակներ է շահել մի քանի փառատոներում և հեռարձակվել է ARTR TV հեռուստաալիքով: Սևակը նվագում է Մաթեո Գոֆրիլլերի 1689-ին կերտած «The King» թավջութակով, որը նրան տրամադրել է Միշա Մայսկին: