Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի փակման գալա համերգ

Հրապարակվել է՝ Oct 26 2019

Հեղինակ՝ ANM Media
Հոկտեմբերի 25-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման գալա համերգը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում էր մեր ժամանակների ամենահաջողակ ու պահանջված դաշնակահարներից Ֆրեդդի Քեմփֆին (Մեծ Բրիտանիա): Քեմփֆը հանդես եկավ ամենաջազային դասական կոմպոզիտորի՝ Ջորջ Գերշվինի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտով: Քեմփֆը բացառիկ տաղանդի տեր դաշնակահար է: Նա ունի  հզոր և համարձակ կատարողի հեղինակություն, տաքարյուն խառնվածք  և չի վախենում ռիսկի դիմել, բայց միևնույն ժամանակ մտածող և խորը զգացմունքային երաժիշտ է:

Նվագախումբը ղեկավարում էր անվանի դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխը երմանիա): Ծրագրում, բացի Գերշվինի դաշնամուրի կոնցերտից, ՀԱՖՆ-ի կատարմամբ հնչեց նաև Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի նախերգանքը և Բրամսի թիվ 1 սիմֆոնիան: Ալեքսանդր Լիբրայխն այսօրվա դիրիժորական արվեստի կարևորագույն ներկայացուցիչներից է: Նրա կայացման մեջ մեծ դեր է ունեցել Կլաուդիո Աբբադոն, ով ժամանակին հրավիրել է Լիբրայխին աշխատելու Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ՝ Զալցբուրգի «Զատկի փառատոն»-ի շրջանակներում: Լիբրայխն այժմ հանդիսանում է Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի և Շուբերտի փառատոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է գալիս BBC-ի սիմֆոնիկ, Ճապոնիայի ֆիլհարմոնիկ, Վալենսիայի և այլ նվագախմբերի հետ: Ինչես Լիբրայխը, այնպես էլ Քեմփֆը առաջին անգամ ելույթ ունեցան Հայաստանում:

Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել 12 սիմֆոնիկ և կամերային համերգներ՝ 16 արտերկրյա և հայաստանցի անվանի երաժիշտների մասնակցությամբ: Նշանակալից համերգնեից էին՝ Հայաստանի Հանրապտության Անկախության օրվա, Արամ Խաչատրյան համերգասրահի անվանակոչման 40-ամյակի, Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի, Չեխոսլովակիայի Անկախության 101 ամյակի համերգները: Փառատոնի ընթացքում տեղի ունեցան Տիգրան Մանսուրյանի թավջութակի կոնցերտի հայաստանյան և Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ անապատի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերաները:   ՀԱՖՆ-ի հաջորդ համերգը կկայանա հոկտեմբերի 27-ին, որը նվիրված է կոմպոզիտոր Սերգեյ Սարաջևի 100-ամյակին: