Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը կնշվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով

Հրապարակվել է՝ Nov 26 2019

Հեղինակ՝ ANM Media
Նոյեմբերի 25-ին, Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է որոշում՝ ընդգրկելու կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հայաստանի Հանրապետության կողմից հայտերը ներկայացվել են գործընկեր երկրների աջակցությամբ։ Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի աջակցությամբ ներկայացված՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյան, և Ֆրանսիայի ու Իտալիայի աջակցությամբ ներկայացված՝ կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյան խորագրերը կրող հայտերն ստացել են կազմակերպության անդամ պետությունների հավանությունը։

1998 թ. առ այսօր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի կողմից ներկայացված 25 հոբելյանական իրադարձություն՝ (ներառյալ վերը նշված երկու իրադարձությունները): 1956 թ. ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն անդամ պետությունների հետ նշում է հռչակավոր մարդկանց և իրադարձությունների հոբելյանները՝ դրանց համաշխարհային նշանակություն տալու և հանրահռչակելու նպատակով։ Մշակույթի մեջ մեծ ներդրում ունեցած հռչակավոր մարդկանց և իրադարձությունների հոբելյանների նշումը նպաստում է միջազգային փոխըմբռնմանը, ժողովուրդների միջև ավելի սերտ հարաբերություններին և խաղաղությանը։ 2018-2019 թթ․ նույն օրացույցում ընդգրկված է Կոմիտասի  և Հովհաննես Թումանյանի 150֊ամյա հոբելյանները։