«Ալպիական» սիմֆոնիան Ռիխարդ Շտրաուսի վերջին սիմֆոնիկ ծրագրային ստեղծագործությունն է և դրանից երեսուն տարի առաջ գրված «Իտալիայից» սիմֆոնիկ ֆանտազիայի հետ կազմում է կոմպոզիտորի ստեղծագործական առաջին շրջանը, ներառյալ՝ նրա ամենատարածված գործերը: «Ալպիական սիմֆոնիայի» վրա հեղինակը, որոշակի դադարներով, աշխատել է չորս տարի: Ընկերները կարծում էին, որ Շտրաուսը վերջապես թողել է սիմֆոնիկ ժանրը: Նա իրոք դա արեց, բայց միայն «Ալպիականից» հետո: Սիմֆոնիայի առաջին սևագրերն արվել են 1911 թ.-ին ՝ «Արիադնեն Նաքսոսում» օպերայի վրա աշխատելու ժամանակ: Այս առիթով կեմպոզիտորն իր գործերի լիբրետիստ Գ. Ֆոն Հոֆմանսթալին գրել է.֊ «Ես սպասում եմ Ձեզ և, միևնույն ժամանակ, տառապում եմ սիմֆոնիայի վրա և դա ինձ է՛լ ավելի քիչ ուրախություն է պատճառում, քան մայիսյան բզեզները ծառերից թափ տալը»: Սիմֆոնիայի գործիքավորումը, որը տևեց ուղիղ 100 օր, ընդմիջեց «Առանց ստվերի կինը» փիլիսոփայական և ֆանտաստիկ օպերայի երկրորդ և երրորդ գործողությունները։ Ինչպես «Իտալիայից» սիմֆոնիկ ֆանտազիան, «Ալպիական սիմֆոնիան» ևս նկարագրում է հարավային բնության գեղեցկությունները, այս անգամ ՝ Բավարիայի Ալպերի հոյակապ լեռնաշղթաները, որոնց տեսարանը բացվում էր Մյունխենի մոտակայքում գտնվող Շտրաուսի Գարմիշի առանձնատան պատուհանից։ «Ալպիական սիմֆոնիան» սահմանափակվում է միայն լանդշաֆտային էսքիզներով: Այն լեռնամագլցման տեսարանի երաժշտական նկարագիր է։ Ալպերի համայնապատկերը չի ջերմացվում էմոցիոնալ վերաբերմունքով, բնության անձնական ընկալմամբ, հոգեբանական խորությամբ կամ փիլիսոփայական ընդհանրացմամբ։ Երաժշտական բոլոր թեմաները նվագախմբային հիանալի հանդերձանք ունեն, ծայրաստիճան պարզ են երաժշտական թեմաները։ Իր մասշտաբներով հսկայական սիմֆոնիան (մոտ 130 կատարող, 50 րոպե տևողությամբ) իր 22 ենթավերնագրով, սոնատային ձևով մեկ մասանի պոեմ է։