Չկա՛ ուրիշի վիշտ։ Այսօր հարևանիդ մոտ է, վաղը կմտնի քո տուն՝ առանց դուռդ թակելու․ Անդրեյ Բորեյկո - Armenian National Music (anmmedia.am)
Չկա՛ ուրիշի վիշտ։ Այսօր հարևանիդ մոտ է, վաղը կմտնի քո տուն՝ առանց դուռդ թակելու․ Անդրեյ Բորեյկո

Հրապարակվել է՝ Հկտ 13 2020, 15:01

Հեղինակ՝ ANM Media
Անվանի դիրիժոր Անդրեյ Բորեյկոն, որն անցած տարի ղեկավարել է ՀԱՖՆ նվագախումբը, Արցախում տեղի ունեցող պատերազմի կապակցությամբ իր խոսքն է հղում աշխարհին․ (տեքստը վերցված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջից)

«Սիրելի՛ ընկերներ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի սիրելի՛ երաժիշտներ։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունը խնդրեց ինձ մեկնաբանել անցյալ շաբաթ Ադրբեջանի և Լեռնային Ղարարաբաղի զինված ուժերի զինված հակամարտության վերսկսումը: Ավաղ, ամեն ինչ հուշում է, որ սա արդեն իսկական պատերազմ է:
1979-ից 1981 թվականներին ես ծառայել եմ բանակում: Ես գիտեմ, թե ինչ բան է հրացանը, ես գիտեմ, թե ինչ են ականանետային կրակոցները, տանկային շարժիչների մռնչոցը և զորավարժությունների ժամանակ արտակարգ դրությունները։ Բայց, բարեբախտաբար, ես այդպես էլ չիմացա, թե ինչ ասել է պատերազմ։

1979-ին խորհրդային զորքերի սահմանափակ կազմը մտավ Աֆղանստան: Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էին 18 տարեկան երիտասարդ զինծառայողները հեռանում ու զոհվում հեռավոր Աֆղանստանում։ Նրանք այնտեղ զոհվում էին ուրիշի շահերի ու օտարի հողի համար։ Ընդամենը մի քանիսը վերադարձան։ Ես երբեք չեմ մոռանա նրանց պատմածները։
Պատերազմը սարսափելի սատանայական գործիք է, որը ոչ միայն զրկում է մեզ ապագայից, այլև որպես չբուժվող վերք մնում է մեր պատմության վրա։ Կանանց, քույրերի ու մայրերի դառը արցունքներով սնուցվող վերք:

Ես պացիֆիստ եմ: Ողջ սրտով ու հոգով ես դեմ եմ, որ մարդը զենք վերցնի մեկ այլ անձի դեմ: Մենք բոլորս այս մոլորակի եղբայրներ ու քույրեր ենք: Չպետք է և չի կարող լինել որևէ հիմք կամ պատճառ, որը կարդարացնի սպանության իրավունքը։

Ես եղել եմ և կլինեմ նրանց հետ, ովքեր այսօր տառապում են, ովքեր հուղարկավորում են իրենց ծնողներին և երեխաներին, ովքեր իրենց կյանքն են տալիս հանուն իրենց ժողովրդի, իրենց երկրի հրաշալի ու խաղաղ ապագայի:

Բայց ես դեմ եմ նրանց, ովքեր փորձում են տաքացնել իրենց ձեռքերը ուրիշի կրակով՝ հանուն իրենց անորոշ շահերի, և դեմ եմ նրանց, ովքեր նախընտրում են լռել, հանգիստ նստել տեղում և ջայլամի նման վարվել՝ գլուխը թաքցնելով ավազի մեջ, որպեսզի ոչինչ չտեսնեն:

Չկա՛ ուրիշի վիշտ։ Այսօր հարևանիդ մոտ է, վաղը կմտնի քո տուն՝ առանց դուռդ թակելու:

Ինչպես ասում են՝ վատ խաղաղությունը ավելի լավ է, քան լավ պատերազմը։ Այս հայտնի ասացվածքը հստակ սահմանում է իմ դիրքորոշումը։

Ոչ մի պատերազմ երբևէ չի կարգավորել ցավոտ խնդիրները և լուծել ցանկացած հակամարտություն, բայց լուծման և փոխզիջման որոնումը անհրաժեշտ է և անխուսափելի: Սա պետք է սկսվեր դեռ երեկ, նախօրեին քանի դեռ ծանր զենքը չէր սկսել խոսել դիվանագետների փոխարեն: Այո, փոխզիջումը, հավանաբար, երբեք լիովին չի բավարարի հակամարտության երկու կողմերին, բայց պատերազմն այլընտրանք չէ:
Պատերազմը միշտ անարդարություն է, միշտ կործանում է, միշտ արյուն ․պատերազմը երեխաներ են առանց ծնողների, պատերազմը ծնողներ են առանց երեխաների։ Պատերազմը հյուծված երկիրն է, որն այլևս չի կարող հաց ծնել, մարդկանց պտուղ ու ծաղիկ տալ։ Եվ այս պատերազմը ձեռնտու է միայն նրանց, ովքեր դրա միջոցով փորձում են լուծել իրենց խնդիրները, և ավելի հաճախ այնպիսի խնդիրները, որոնց մասին ասվում է քարոզչություններում։

Այն, ինչ Աստված է մեզ տվել, ինչպես էլ որ կոչեք այդ աստծուն, կյանքի իրավունքն է: Երջանկություն է ապրելը, շնչելը, սիրելը, արարելը, ահա թե ինչն է մեր ունեցած ամենաանգինն ու թանկը։

Մեզանից յուրաքանչյուրի թիկունքում անցյալն է, մեզանից յուրաքանչյուրն ունի իր ապագան: Մենք շրջապատված ենք ընտանիքով, սիրելիներով, ընկերներով, գործընկերներով: ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ թույլ տալ, որ մարդիկ, ովքեր նույն բանն են անում՝ հաց են թխում, տներ կառուցում, երեխաներ լույս աշխարհ բերում, դպրոցներում դասավանդում․․․ որպեսզի այդ նույն մարդիկ տարբեր երկրներում իրար թշնամաբար նայեն:

Եվ թող դա օրիգինալ չլինի, (երբեմն ավելի լավ է ոչ մի նոր բան չհորինել) ես անհապաղ երկխոսության կոչ եմ անում։ Ես կողմ եմ լսելի լինելու և խոսելու հնարավորությանը։ Ես հասկանում եմ, որ հիմա, երբ արդեն այսքան մարդ է զոհվել, երբ այսքան տներն են ավիրվել, երբ այսքան արցունք է հոսել, հավանաբար, բարդ է երկխոսության մասին խոսելը, բայց դա անհրաժեշտ է։ Ծայրահեղ հրատապ և միանգամայն անհրաժեշտ:

Մի քանի տարի առաջ ես դիտեցի էստոնա-վրացական «Մանդարիններ» ֆիլմը։

Դա վերջին տարիների իմ տեսած ամենատպավորիչ կինոնկարներից մեկն է։

Սա իմաստուն առակ է առ այն, որ նախքան զենք վերցնելը և այն մարդու վրա ուղղելը պետք է լավ մտածես, թե ով է այդ մարդը: Արդյո՞ք ընկեր է նա, ով իրեն ընկեր է կոչում, բայց անհետանում է, երբ իր կարիքն ամենաշատը կա։ Եվ ատելությունից կուրացած, ինչ-որ պահի քարոզչության միջոցով ուղեղը լվացած թշնամին արդյո՞ք չի կարող հայտնվել այնպիսի իրավիճակում, որ կյանքը ստիպի նրան մտածել ինքնուրույն։

Եվ այդ ժամ աշխարհը բացարձակ այլ տեսք կունենա․․․

Այս ֆիլմը չի կարող ուղղակիորեն արտացոլել այն, ինչ տեղի է ունենում այսօր։ Բայց այն ստիպում է մտածել: Եվ մտածելն իրականում շատ ավելի լավ է, քան անմիտ պատվերներ տալը:
Ես իսկապես հուսով եմ, ես իսկապես հավատում եմ, որ այս մղձավանջը, այս սարսափը շատ շուտ կավարտվի: Ես քաղաքական գործիչ չեմ, ես երաժիշտ եմ, ես դիրիժոր եմ, ես ուզում եմ երաժշտություն ստեղծել աշխարհի բոլոր երաժիշտների հետ ցանկացած երկրում, ուզում եմ, որ Երաժշտությունը նրանց միավորի, ոչ թե բաժանի:
Եվ դա հնարավոր է։

Մի քանի տարի առաջ ես միջազգային երիտասարդական նվագախմբի հետ շրջայց կատարեցի եվրոպական խոշոր քաղաքներում միջազգային երիտասարդական “I Culture” (Մշակույթ) նվագախմբերի հետ։ 

Այս նվագախմբում կողք կողքի նստած էին լեհերն ու ուկրաինացիները, հայերն ու ադրբեջանցիները, վրացիները, բելառուսները, մոլդովացիները, նրանք կատարեցին մարդկության հանճարների ստեղծագործություններ։

Վերջին անգամ, երբ Հայաստանում էի, ինձ հնարավորություն ընձեռնվեց ղեկավարել Տիգրան Մանսուրյանի գրած հիանալի Թավջութակի կոնցերտը (խմբ․՝ Հայերի Ցեղասպանությանը նվիրված)։ Այդ կոնցերտը կրում է «Ո՞ւր է Աբել եղբայր քո» ենթավերնագիրը։

Այս հարցով ես կցանկանայի ավարտել այս ուղերձը, այս կոչը բոլոր նրանց, ովքեր ներգրավված են ներկա հակամարտության մեջ, այս սարսափելի պատերազմում, բոլորին, ումից կախված է դրա անմիջական ավարտը:

Մարդի՛կ, որպեսզի ստիպված չլինեք լսել այս հարցը կամ հարցնել ինքներդ ձեզ, կա՛նգ առեք, քանի դեռ շատ ուշ չէ, մի՛ սպանեք, մենք բոլորս այս մոլորակի նույն ընտանիքի անդամներն ենք»։

Լուսանկարները՝ Մարիա Վարդանյանի / ՀԱՖՆ