«Որպեսզի պարծենանք այսօրվա մշակույթով, այն պետք է ստեղծել». Արամ Խաչատրյան - Armenian National Music (anmmedia.am)
«Որպեսզի պարծենանք այսօրվա մշակույթով, այն պետք է ստեղծել». Արամ Խաչատրյան

Հրապարակվել է՝ Հնս 06 2020, 17:55

Հեղինակ՝ ANM Media
 Արամ Խաչատրյանը Հայաստանի և հայ մշակույթի մասին.

«Ամենամյա Հայաստան այցելություններս արտահայտվում են Հայաստանի մշակութային կյանքին իմ ակտիվ մասնակցությամբ: Մասնակցել եմ երաժշտական բոլոր տոնակատարություններին թե՛ որպես կոմպոզիտոր, թե՛ որպես կազմակերպիչ:


Մեծ ուղևորություն կատարելով Հայաստանով՝ ես ծանոթացա հեռավոր շրջանների շարքային ունկնդիրներին:

Հայաստան ուղևորությունը, ժողովրդի հետ սերտ շփումները նորից ինձ հիշեցրին, որ այն արվեստագետը, որը սերտորեն կապված չէ իր ժողովրդի հետ դատապարտված է մահվան: Ես շատ շնորհակալ եմ հայ ժողովրդին իմ նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար, խոնարհվում են նրա առաջ և ինձ պարտական համարում: Ես ինձ հայկական նոր երաժշտական մշակույթի ակտիվ շինարար եմ համարում: Ես հայ եմ և հպարտ եմ դրանով: Իմ ամբողջ գործունեությունը, ստեղծագործությունը, պրակտիկան խոսում են այն մասին, որ ես եղել եմ, կամ կլինեմ միշտ հայ: Իմ երաժշտությունը բազում արմատներ ունի կապված հայկական ժողովրդական երաժշտության հետ; Այսօր նա է հայը, ով օգուտ է բերում իր հայրենիքին: Ով դա չի անում, նա հայ չէ:

Ես հայ եմ, եղել եմ, կամ և կլինեմ հայ, և իմ ստեղծագործությունը, իմ ամբողջ գործունեությունը ամենից առաջ պատկանում է իմ հարազատ ժողովրդին և իմ հայրենիքին՝ Հայաստանին:

Լսելով հայկական երաժշտությունը, ունկդիրն անպայման պիտի ասի ՝ պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք մեզ այդ երկիրը, որն այդպիսի արվեստ ունի: Բոլորը պիտի իմանան, որ մենք բարձր մշակույթի տեր եվրոպական ազգ ենք, իսկ դրա համար անհրաժեշտ է պարծենալ ոչ միայն մեր անցյալով, այլև ներկայով, որպեսզի ցույց տանք այդ մշակույթը զարգացման մեջ: Իսկ որպեսզի պարծենանք այսօրվա մշակույթով, այն պետք է ստեղծել: Ահա իմ երազանքը...»:



Նյութը տրամադրել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը