Սեփական կազմակերպության վրա զայրանալ չարժե․ Արամ Խաչատրյանը Գևորգ Արմենյանին - Armenian National Music (anmmedia.am)
Սեփական կազմակերպության վրա զայրանալ չարժե․ Արամ Խաչատրյանը Գևորգ Արմենյանին

Հրապարակվել է՝ Հնս 30 2020, 18:41

Հեղինակ՝ ANM Media
Արամ Խաչատրյանի նամակը կոմպոզիտոր Գևորգ Արմենյանին․

«Թանկագին Գևորգ,

Ձեռքս ընկավ քո վաղուցվա նամակը, որն ինձ հիշացրեց քո մասին՝ ահա և որոշեցի քեզ գրել։ Բացի դրանից Բելոչկա Յոլյանն ինձ ասել էր, թե դու դժգոհ ես ինձնից։ Դժգոհ ես, որ քեզ քիչ եմ գրում։ 

Իմ սիրելի բարեկամ, իսկ դու պատկերացնո՞ւմ ես իմ զբաղվածությունը։ 

Քո նամակում գրում ես, որ հիմա ահա, երբ ազատվել ես, հիմա կարող ես ինձ գրել։

Ես ուզում եմ քեզ նույնն ասել․ հիմա ես ազատվել եմ, հիմա կարող եմ քեզ րել։

Ինչպե՞ս ստացվեց քո սիմֆոնիկ առաջին ստեղծագործությունը։ Ես նկատի ունեմ քո Ձոնը։ Կատարումից հետո որևէ բան փոխեցի՞ր։ Ի՞նչ վերաբերմունք ունես հիմա դրա նկատմամբ։ 

Ձեր՝ Միության անդամության կապակցությամբ․ հավանորեն ձեզ չեն ընդունում, որովհետև ուսանողներ եք։ Իհարկե, կա այդպիսի կանոն, որ ուսանողներին ընդունում են բացառիկ դեպքերում, այն էլ վերջին կուրսից։ Ես կասկածում եմ, որ Խրեննիկովը հատուկ ցուցում տա ձեր մասին։ 

Այն, որ օպոզիցիոն տրամադրվածություն ունես ձեր կոմպոզիտորների միության նկատմամբ, վատ բան է։ Եթե դուք՝ երիտասարդներդ, ինչ որ բանից դժգոհ եք, պետք է խոսել այդ մասին, բայց սեփական կազմակերպության վրա զայրանալ չարժե, ու կարիք չկա կարծել, թե դուք լավն եք, իսկ այնտեղ վատ մարդիկ են։  

Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչ եմ անում։ 

Ավարտեցի այսպես կոչված «Նախերգանքի» երաժշտությունը, որը մեկ մասանի սիմֆոնիա է հանդիսանում։ Հավանորեն ես դա «Պոեմ» կանվանեմ, գումարած որևիցե ածական։ Այս ստեղծագործությունը մի կողմ եմ դրել, ամռանն եմ գործիքավորելու։ 

Սկսեցի «Սպարտակ» բալետը։ Գրել եմ նախերգանքը և գործող անձանց երաժշտական առանձին բնութագրումները։ Հափշտակությամբ հայկական երգեր եմ գրում ժողովրդական ոգով (փողոցի համար)։ «Երևանի ոգով»։ Խնջույքի երգ եմ գրել, հայ աղջկա մասին։ Գրելու եմ ընդամենը տաս հատ։ Աշոտ Գրաշին հիանալի խոսքեր է գրում։ Օրերս կսկսեմ աշխատել «Գաղտնի միսսիա» կինոնկարի երաժշտության վրա։ Իսկ այս տարվա իմ հիմնական աշխատանքը «Սպարտակն» է։ 

Որևէ բան գրո՞ւմ ես Հայաստանի 30-ամյակին։ 

Բարևներս հաղորդիր Էդգարին։ Դու խնդրել էիր դանդաղ վալսի նոտաներ։ Բայց որտեղի՞ց գտնեմ այդ նոտաները։ Ինձ մոտ երբեք ոչինչ չի լինում։ Կփորձեմ խնդրել Կնուշևիցկուն՝ գրել այդ պարտիտուրը, բայց դա նրա կազմի համար է, իմ պարտիտուրը ես գտնել չեմ կարող։ 

Ես կուզեի, որ այն երգերից, որոնք Թաթուլի մոտ են, որևէ բան նվագեիր ու երգեին կինոթատրոնում։ 

Սեղմում եմ ձեռքերդ և ամենայն բարիք ցանկանում։

Քո՝ Արամ խաչատրյան
3-ը ապրիլի, 1950 թ․ Մոսկվա»։