Մի փոքրիկ, հինավուրց քաղաքակրթություն` լքված բոլորի կողմից, կատաղի մարտեր է մղում իր ապրելու իրավունքի համար․ Հրաչուհի Բասենց - Armenian National Music (anmmedia.am)
Մի փոքրիկ, հինավուրց քաղաքակրթություն` լքված բոլորի կողմից, կատաղի մարտեր է մղում իր ապրելու իրավունքի համար․ Հրաչուհի Բասենց

Հրապարակվել է՝ Հկտ 15 2020, 18:04

Հեղինակ՝ ANM Media
Գերմանաբնակ օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը Արցախյանպատերազմի առնչությամբ, իր խոսքն է ուղղել իր այլազգի լսարանին, ընկերներին ու կոլեգաներին. (վերցված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պաշտոնական ֆեյսբուքյան էջից).

«Սիրելի իմ ոչ հայ ընկերներ, կոլլեգաներ և բարեկամներ, քրիստոնյաներ և ոչ քրիստոնյաներ, բոլորին ովքեր մտահոգ են և դեմ են պատերազմներին, ովքեր ինչ-որ կերպ մասնակից են և անգամ նրանց ովքեր դեռ մինչև հիմա լուռ են...

Այսքան ժամանակ փորձում էի զերծ մնալ և քաղաքական թեմաներին չխառնվել, քանի որ համոզված եմ եղել, որ արտիստներիս միակ քաղաքականությունը արվեստ, սեր, խաղաղություն և մշակույթ տարածելն է և ես իրավունք չունեմ ձեզ ծանրաբեռնել իմ ու իմ երկրի խնդիրներով, բայց...սա այլևս միայն իմ ու իմ հայրենիքի հարցը չէ և ես այլևս չարտահայտվել չեմ կարող։

Լռել այլևս չէ էլ կարելի...և մի՞թե արվեստի միջոցով չէ, որ շատ հարցեր ենք լուծում, մի՞թե մենք արտիստներս չենք, որ խաղաղության, սիրո, պատերազմների և ահաբեկչությունների դադարեցման կոչերով ենք մշտապես հանդես գալիս, մի՞թե մենք չենք, որ պիտի չլռենք ու կանգնենք հանուն արդարության և արդարադատության: 

Փոքր-ինչ ընկճված եմ, ներեցեք, ընկճված եմ շատերի լռությունից և չեզոք դիրքորոշումից այն դեպքում, երբ շատերը իմ շրջապատից ամեն առիթի ակտիվ կանգնում են հանուն կենդանիների, ծառերի ու նմանատիպ տարատեսակ խնդիրների պաշտպանության և ստատուսներով ու նամակներով ողողում բոլորիս էջերը...ընկճված եմ, ներեցեք...ազգս միայնակ կենաց ու մահու կռիվ է տալիս ու պայքարում է գոյատևելու և ապրելու իր արդար իրավունքի համար, պատերազմում է հազարամյակների մեր սուրբ հողը պաշտպանելու համար և 100 տարի անց նորից կանգնած է բնաջնջման վտանգին դեմ հանդիման...

Սեպտեմբերի 26-ին իմ երկար սպասված առաջնախաղն էր Պուչչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայում Դրեզդենի Սեմպերօպերի բեմում: Այն իրոք շատ հաջող էր, շատ մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի և թերթերի կողմից: Թվում էր, թե պիտի ուրախ լինեի և վայելեի, բայց ավաղ, ուրախությունս կարճ տևեց...հաջորդ առավոտյան թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ հարձակում սկսվեց ամբողջ արցախա-ադրբեջանական ողջ սահմանագծով: Շատերդ, համոզված եմ, կարդում եք ու գիտեք, որ արդեն մեկ շաբաթ է ծանր պատերազմական դրություն է Հայաստանում և մի փոքրիկ հինավուրց քաղաքակրթություն` լքված բոլորի կողմից, կատաղի մարտեր է մղում իր ապրելու իրավունքի համար և ամբողջ քաղաքակիրթ աշխարհի փրկության համար, քանի որ այս պատերազմը այլևս միայն Արցախի և Ադրբեջանի միջև չէ, սա թուրքիայի տեռորիստա-սուլթանական ախորժակի և հայերին բնաջնջելու ծրագիրն է, այն ծրագիրը, որը 1915թ.-ին լիովին չհասցրեցին իրագործել` առանց անցյալի ոճրագործությունների համար պատասխան տալու և իր արժանի պատիժը ստանալու:

Պատերազմ է, սարսափելի պատերազմ, որի ողջ պատասխանատվությունը կրում են թուրք-ադրբեջանական ահաբեկիչները` իրենց ահաբեկիչ վարձկաններով...իրավիճակը սարսափելի է...գիշեր ու զօր ցնցված լուրերին ենք հետևում ...իսկ միջազգային հանրությունը , ա՜խ,  ինչ ասեմ...միջազգային հանրությունը լուռ է, էլի լուռ ... Ինչպե՞ս կարելի է լռել, երբ այս ահաբեկիչ երկիրը, որն իրականացրել է համաշխարհային պատմության մեջ առաջին ցեղասպանությունը առաջին քրիստոնյա ազգի դեմ` ցանկանալով վերացնել ամենահին քաղաքակրթություններից մեկին՝ հայերին, վերսկսում է նույն ցեղասպան ագրեսիան:

Ինչպե՞ս կարելի է լռել և չեզոքություն պահպանել...

Լռությունը նույն հանցագործությունն է: Էլի հայերիս կոտորում են ու էլի աշխարհը չեզոք դիրք է գրավել... ու՞ր են ժողովրդավար երկրների օրենքներն ու մարդասիրական դիրքորոշումը...ու՞ր են իմ ընկերները, ովքեր սիրո խոսքեր էին շռայլում ինձ ու հայերիս, ու՞ր են իմ ազգով ու ինձնով հիացողները և նրանց վերաբերմունքն ու արձագանքը...ու՞ր եք ...չկաք, չեք ուզում խառնվել...բայց մենք պայքարում ենք նաև ձեզ համար, քանի որ ինչպես հայտարարեց մեր երկրի վարչապետը, մենք այլևս «Դեր-Զորի ճամփորդներ» չենք և պայքարելու ենք ողջ քաղաքակիրթ աշխարհի համար ևս, իսկ մեզ հաղթելու դեպքում թուրքերն անցնելու են դեպի ձեզ...

Ծանր է, շատ ծանր, թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, իսկ ես պետք է շարունակեմ երգել, բեմ բարձրանալ և երգել նույն այդ հանրության համար...մարմինս բեմում` հոգիս ու մտքերս սահմանում, իմ հայրենիքում...իսկ ես կերգե՛մ, այո՛...ես երգելու եմ նաև հոկտեմբերի 11-ին և 24-ին, երգելու՛ եմ, որովհետև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և իմ լավ ընկեր, պատմաբան և հայ-ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանի հետ հեռախուսազրույցում, ինձ հորդորեցին երգել` ասելով ԴՈՒ՛ ՊԻՏԻ՛ ԵՐԳԵ՛Ս, չհրաժարվե՛ս, ուժ գտիր քո մեջ ու երգիր, որովհետև մենք հզոր ազգ ենք, հզոր ենք և քո ձայնը այդ կերպ պետք է լսելի դառնա ու պատերազմի...

Սիրելիներս, մի՛ եղեք անտարբեր, ասե՛ք ու արտահայտե՛ք ձեր համերաշխությանն ուղղված դիրքորոշումը»:

Հրաչուհի Բասենցը հանդիսանում է այնպիսի հեղինակավոր օպերային թատրոնների առաջատար մենակատար, ինչպիսիք են Լոնդոնի Թագավորական, Վիենայի Շատսօպեր, Ստրասբուրգի, Դրեզդենի Սեմպերօպեր, Բեռլինի Կոմիշե օպերային թատրոնները: