Ավետ Տերտերյանի 90-ամյակին նվիրված համերգ Տալլինում

Հրապարակվել է՝ Nov 28 2019

Հեղինակ՝ ANM Media
Նոյեմբերի 25-ին Էստոնիայում ՀՀ դեսպանությունը Տալլինում՝ Սևագլուխների տանը, կազմակերպել էր համերգ, նվիրված  հայ մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90 ամյակին։

Միջոցառմանը ներկա էին Էստոնիայի օրենսդիր և գործադիր մարմինների և պետական տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Տալլինում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Համերգին բացման խոսքով հանդես եկավ Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով իր խոսքում նշեց,- «Իսկապես դժվար է Տերտերյանին մի քանի բառով նկարագրելը: Նա մեկն էր, ով իր ծնողների՝ Բաքվում գտնվող տանը տեսել է Պրոկոֆևին, իսկ հետո, երբ նա արդեն ձևավորված կոմպոզիտոր էր, Դմիտրի Շոստակովիչը շռայլ գովասանքի խոսքեր հնչեցրեց նրա մասին: Տերտերյանը, ինչպես ցանկացած ժամանակաշրջանի ցանկացած այլ տաղանդավոր կոմպոզիտոր, զարգացման մի քանի փուլ է անցել: Այստեղ՝ այս համերգի ընթացքում, մենք կներկայացնենք նրա գործունեության վաղ շրջանում գրված ռոմանսներ, երգեր, ինչպես նաև դաշնամուրի և վոկալի համար գրված այլ հայկական և բալթյան ստեղծագործություններ:

Այս տարի աշխարհասփյուռ հայությունը նշում է հայ մեծ հոգևորական և կոմպոզիտոր Կոմիտասի, ինչպես նաև գրող-բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150 ամյակները: Էստոնիայում, փետրվարին մի մեծ համերգ կազմակերպեցինք Գյուրջիևի համույթի հետ, իսկ այնուհետև սեպտեմբերին կազմակերպեցինք Էստոնիայի պետական արական երգչախմբի համերգը Արվո Պյարտի կենտրոնում՝ նշելով Կոմիտասի 150 ամյակը։ Ավելին՝ մյուս տարվա մայիսին մենք ծրագրում ենք կազմակերպել մեկ այլ փառահեղ համերգ Էստոնիայի արական երգչախմբի հետ, որով նախատեսում ենք հայերենով ներկայացնել Կոմիտասի Պատարագն ամբողջությամբ։ Ինչ վերաբերում է Հովհաննես Թումանյանին՝ մենք թարգմանել ենք նրա հեքիաթները էստոներեն, սակայն ամենայն հավանականությամբ դրանք կհրատարակվեն և լույս կտեսնեն այստեղ արդեն մյուս տարի: 

Հավատացած եմ, որ նույնիսկ այս երկու մեծ տարեդարձերը չպետք է ստվերեն Ավետ Տերտերյանի տարեդարձը, և այսօրվա միջոցառումը նպատակ ունի ցույց տալու, որ Տերտերյանն իր կարևոր տեղն ունի հայ մշակույթում: Այդ իսկ պատճառով, մենք Հայաստանից երկու հրաշալի երաժիշտների ենք հրավիրել: Արմինե Գրիգորյանը Երևանի Արամ Խաչատրյան թանգարանի տնօրենն է և Խաչատրյան տրիոյի անդամ: Նրա հետ մենք այս տարվա ապրիլին մեկ համերգ արդեն ունեցել ենք և նախատեսում ենք գալիք փետրվարին ևս մեկ համերգ ունենալ իրենց Տրիոյի հետ միասին: Երևանի օպերայի մենակատար Սիրանուշ Գասպարյանի համար սա Ռիգայում առաջին համերգն է, և ես հպարտ եմ, որ դեսպանությունն այստեղ մեր տաղանդավոր օպերային երգչուհու դեբյուտի նախաձեռնողն է»:

Բացման խոսքի ավարտին Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Էստոնիայի հայերի միությանը և նրա նախագահ Ռազմիկ Իվանյանին՝ միջոցառմանը աջակցելու համար։