Յուրի Դավթյանի ծննդյան 90 ամյակին նվիրված համերգ օպերային թատրոնում

Հրապարակվել է՝ Oct 17 2019

Հեղինակ՝ ANM Media
 Հոկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի ծննդյան 90 ամյակին նվիրված համերգ: Ինչպես հայտնում է օպերային թատրոնի լրատվական ծառայությունը, հոբելյանական երեկոյին մասնակցելու են թատրոնի մեներգիչները, սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը (դիրիժորներ՝ Յուրի Դավթյան, Կոնստանտին Օրբելյան, Հարություն Արզումանյան, Աթանես Առաքելյան, Հայկ Դավթյան):  

Յուրի Դավթյանը ծնվել է 1929թ. հունիսի 10-ին, Վանաձորում: 1938թ. ընդունվել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան: 1947-52 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և երաժշտագիտության բաժիններում` Կոնստանտին Սարաջևի և Գևորգ Տիգրանովի դասարաններում: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է ԽՍՀՄ պետական նվագախմբում: 1953թ-ից որպես դիրիժոր աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում, 1980-2000 թթ. եղել է թատրոնի գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է Ա. Բաբաևի «Արծվաբերդ», Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Ա.Սպենդիարյանի «Ալմաստ», Տ.Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Ջ.Վերդիի «Տրավիատա», Գ.Եղիազարյանի «Սևան» (բալետ), Ս.Բալասանյանի «Լեյլի և Մեջնուն» (բալետ) ներկայացումները: 1962-63 թթ. վարպետության դաս է անցել պրոֆեսոր Մարկևիչի մոտ: 1964-66 թթ. եղել է Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: 1966-70 թթ. և 1992-94 թթ. ղեկավարել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախումբը: Ղեկավարել է նաև ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր` ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարինյան թատրոնի և այլն:  

Հյուրախաղերով հանդես է եկել Ռումինիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում և այլ երկրներում: Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ: Այժմ Յուրի Դավթյանը Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորն է: