Բազմաթիվ ստեղծագործություններ հետագայում ավելի մեծ ունկնդիր կհավաքեն. Արամ Սաթյան

Հրապարակվել է՝ Dec 10 2019

Հեղինակ՝ ANM Media
Դեկտեմբերի 9-ին Կոմիտասի անվան կամերային  երաժշտության տանը ավարտվեց Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Կոմիտասի 150-ամյակին:

«Ամենակարևորը՝ փառատոնի շրջանակներում կատարվում է նոր երաժշտություն։ Փառատոնի շնորհիվ հնչած բազմաթիվ ստեղծագործություններ հետագայում ավելի մեծ ունկնդիր կհավաքեն և դահլիճներ կլցնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը։

Փակման համերգին Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ կատարեց Միխայիլ Կոկժաևի, Կարեն Անանյանի, Նարինե Զարիֆյանի, Անահիտ Կոստանյանի և Արփինե Կալինինայի, ինչպես նաև տարվա հոբելյար կոմպոզիտորներ Սերգեյ Աղաջանյանի և Ավետ  Տերտերյանի կամերային ստեղծագործությունները: Որոշ ստեղծագործություններ հնչում էին առաջին անգամ։ «Շատ գործեր առաջին անգամ են կատարվում և դրանից լավ բան չի կարող լինել: Մենք ցանկանում ենք ամեն ինչ տեսնել կողք կողքի, դրա համար էլ մեկ համերգի ընթացքում հնչում են ինչպես  երիտասարդների, այնպես էլ այն կոմպոզիտորների գործեր, ովքեր հիմա չկան»,-նշեց Ա․Սաթյանը, հավելելով, որ փառատոնը թույլ է տալիս բացահայտել բազմաթիվ նոր անուններ։

Փառատոնի բացման համերգը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին և  անցկացվում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի շրջանակներում հնչել են կամերային, երգչախմբային մի շարք ստեղծագործություններ։