Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը կնվիրվի Կոմիտասի 150-ամյակին

Հրապարակվել է՝ Oct 28 2019

Հեղինակ՝ ANM Media
Հոկտեմբերի 31-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ նախագծի շրջանակներում տեղի կունենա չորս համերգ: Ծրագիրը հաստատվել է ՀԿՄ սիմֆոնիկ և կամերային երաժշտության մասնաճյուղի երկու նիստերի ընթացքում:

Հոկտեմբերի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նախագիծը կսկսվի խոնարհում-հուշ ենթաբաժնով: Կհնչեն Կոմիտասի, ինչպես նաև այս տարի մահացած կոմպոզիտորներ Գագիկ Հովունցի, Ստեփան Շաքարյանի, Յուրի Հարությունյանի  ստեղծագործությունները: Սա յուրատեսակ խոնարհում է ու ավանդույթ ՀԿՄ փառատոններում ևս մեկ անգամ հիշելու և մեծարելու մեր հեղինակներին: Համերգի երկրորդ բաժնում կհնչեն նաև ՀԿՄ անդամ կոմպոզիտորներ  Դավիթ Սաքոյանի, Երվանդ Երկանյանի, Արսեն Հարությունյանի, Արթուր Միտինյանի  և Աննա Զաքարյանի ստեղծագործությունները: Բեմում կլինեն Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի երաժիշտները՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանի գլխավորությամբ:

Փառատոնի երկրորդ համերգը կկայանա ՀԲԸՄ համերգասրահում՝ նոյեմբերի 19-ին: Կհնչեն Էդուարդ Հայրապետյանի, Արամ Հովհաննիսյանի, Զոհրաբ Փարեմուզյանի,  Կոնստանտին Պետրոսյանի,  Մարտին Ուլիխանյանի, Դավիթ Բալասանյանի, Հովհաննես Մանուկյանի  ստեղծագործությունները: 

Նոյեմբերի 21-ին, Կամերային երաժշտության տանը կկայանա երգչախմբային համերգ, որտեղ կհնչեն Կոմիտասի, ինչպես նաև Աննա Ազիզյանի, Արմենուհի Կարապետյանի,  Վահրամ Սարգսյանի,  Աշոտ Ղազարյանի, Արտաշես Քարտալյանի երգչախմբային ստեղծագործությունները: Բեմում կլինի «Արահետ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Տանյա Մինասյան) և HI MUSIC բենդը (գեղարվեստական ղեկավար՝ Վահե Հայրապետյան):

Նախագիծը կեզրափակվի դեկտեմբերի 9-ին, Կոմիտասի անվան կամերային  երաժշտության տանը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ կկատարի Միխայիլ Կոկժաևի,  Կարեն Անանյանի, Նարինե Զարիֆյանի, Անահիտ Կոստանյանի և Արփինե Կալինինայի՝ կամերային նվագախմբի համար գրված ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում կհնչեն նաև տարվա հոբելյար կոմպոզիտորներ Սերգեյ Աղաջանյանի և Ավետ  Տերտերյանի ստեղծագործությունները: 

Բոլոր համերգները կմեկնարկեն ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է: