Հայկական մատնահետքեր. Կոմիտասը և Խաչատրյանը հայկական ժողովրդական երաժշտության լույսի ներքո

Հրապարակվել է՝ Nov 22 2019

Հեղինակ՝ ANM Media
 Նոյեմբերի 13-ին Օսլոյի Ցենտրալեն համերգասրահում նորվեգացի հանդիսատեսի դատին հանձնվեց դաշնակահարուհի Մարիամ Խառատյանի երկու ձայնասկավառակները՝ Կոմիտասի «Շորոր»-ը և Արամ Խաչատրյանի «Կամերային երաժշտություն»-ը։ Սկավառակները դաշնակահարուհու թեկնածուական ատենախոսության համար արված հետազոտության արդյունքն է (PhD in Artistic Research), որը վերնագրված է «Հայկական մատնահետքեր – Կոմիտասի և Ա. Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունների մեկնաբանումը հայկական ժողովրդական երաժշտության լույսի ներքո»։ Հետազոտությունը կատարվել է Ագդերի համալսարանում (Կրիստիանսանդ, Նորվեգիա), 2015-2019թթ․ ընթացքում։

«Ամբողջ նախագիծը հիմնված է հայկական երաժշտությամբ իմ ոգեշնչման և դրանից բխող դաշնամուրային մեկնաբանման հնարավորությունների, ինչպես նաև իմ կատարումներում դասական և ժողովրդական երաժշտության փոխազդեցության ներգործման հիման վրա։ Ինձ հետաքրքրում էր, թե կատարողական մեկնաբանման ինչ հնարավորություններ երևան կգան Կոմիտասի և Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործություններում, երբ ես ունկնդրում եմ հայկական ժողովրդական երաժշտություն և արձագանքում եմ դրան դասական դաշնամուրային երաժշտական արտահայտչամիջոցներով»,-ANM-ի թղթակցի հետ զրույցում ասաց դաշնակահարուհին։

Այս տարիների ընթացքում Խառատյանը կատարել է Խաչատրյանի գրեթե բոլոր հայտնի գործերը՝ սկսած դաշնամուրային մանր ստեղծագործություններից մինչև  բալետային փոխադրումներ և դաշնամուրային կոնցերտ։ Այնուամենայնիվ, սկավառակում տեղ են գտել Խաչատրյանի կամերային գործերը, քանի որ դաշնակահարուհին հավատում է, որ դրանք լավագույնս փոխանցում են երաժշտական հոսքի և ժամանակի ազատ, համարյա իմպրովիզացիոն մատուցման իր գաղափարը՝ ոգեշնչված հայ ժողովրդական երաժշտության ավանդույթներից։ «Իմ նպատակն էր կամերային տրիոյով եւ դուետով հասնել երաժշտական հոսքի և ժամանակի այդ  ազատ, իմպրովիզացիոն արտահայտչականությանը մեր նվագում»։«Կոմիտասի երաժշտությունն իմ անվերջ ոգեշնչման աղբյուրն է եղել հետազոտության ողջ ընթացքում։ Աշխատանքի ընթացքում  «Յոթ պարը», «Մշո շորորը» և ժողովրդական երգերը իմ կատարողական արվեստում նոր հեռանկարներ էին բացում։ Ժողովրդական և դասական երաժշտության խաչմերուկում ես և Վիգեն Բալասանյանը Կոմիտասի երգերը կատարում ենք դաշնամուրով և ազգային նվագարաններով՝ դուդուկով և բլուլով, որոնք փոխարինում են մարդկային ձայնին»։

 Ձայնագրությունները կատարվել են անցած տարվա աշնանը և ներկայացվում են հեղինակավոր Simax Classics և Grappa նորվեգական ընկերությունների կողմից։ Խաչատրյանի ձայնասկավառակում ընդգրկված են «Երգ-պոեմը», ջութակի և դաշնամուրի համար գրված «Պարը», սակավ հնչող գործերից՝ ջութակի և դաշնամուրի Սոնատը, Կլարնետի տրիոն, «Գայանե» և «Սպարտակ» բալետներից «Օրորոցայինը» և Ադաջոն (գործիքավորումը՝ Ավետիք Պիվազյանի) և «Սուսերով պարը» (գործիքավորումը՝ Ռուբեն Ասատրյանի)։ Այն ձայնագրվել է ջութակահար Ադամ Գրյուշոյի, կլարնետահար Ստիգ Նորդհագենի և թավջութակահար Լեոնարդո Սեսեննայի կողմից։ 

Կոմիտասին նվիրված ձայնասկավառակում զետեղված են «Յոթ պարը», «Մշո շորորը», ինչպես նաև ժողովրդական երգերը՝ Վիգեն Բալասանյանի (դուդուկ և բլուլ) մասնակցությամբ։  Ձայնասկավառակը նվիրված է Կոմիտասի ծննդյան 150 ամյակին։ 

Դաշնակահարուհին այժմ ապրելով Նորվեգիայում, իր համերգային ծրագրերում ընդգրկում է հայ կոմպոզիտորների գործեր։ «Շատ հաճախ եմ կատարում հայ հեղինակների ստեղծագործություններ։ Եթե դրանք ընդգրված չեն իմ ծրագրում, ապա անպայման այն կատարում եմ բիսերի ժամանակ։ 2015 թվականից սկսած Խաչատրյանը և Կոմիտասը իմ հատուկ ուշադրության կենտրոնում են, քանի որ ընդգրկված են իմ «Հայկական մատնահետքեր» նախագծի մեջ»։Խառատյանի խոսքով՝ նորվեգացիները մեծ սիրով են լսում հայկական երաժշտություն և հետաքրքրված են հայ հեղինակներով, հատկապես Կոմիտասով, Խաչատրյանով և Բաբաջանյանով, ինչպես նաև շատ սիրում են Տիգրան Համասյանի արվեստը։

Մարիամ Խառատյանը համերգային ակտիվ գործունեություն է վարում և բազմաթիվ ելույթներ ունի առաջիկայում։ «Մոտ ապագայում հյուրախաղերով հանդես եմ գալու Նորվեգիայի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Գերմանիայում։ Հույս ունեմ եկող տարի ելույթ ունենալ Երևանում», - եզրափակում է արտիստուհին։ 

Սոնա Խաչատրյան