«Ակունք»-ը 45 տարեկան է  

Հրապարակվել է՝ Nov 27 2019

Հեղինակ՝ ANM Media
«Ակունք» ազգագրական համույթը դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հոբելյանական համերգով կտոնի իր հիմնադրման 45 ամյակը, որն իրականացնում է Արսեն Գրիգորյանը, ում ևս բախտ է վիճակվել լինել ակունքի անդամ։

««Ակունք»  ազգագրական համույթը  45 տարի պատշաճ կերպով՝ անաղարտ ներկայացնում է հայ ավանդական երգերն ու պարերը՝ որպես սկզբունք ունենալով հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը»,- ասում է Արսեն Գրիգորյանը և հավելում, որ ջանք չեն խնայել հոբելյանական երեկոն հիշարժան դարձնելու համար, որի ընթացքում կցուցադրվի  համույթի 45-ամյա պատմությունը, ինչպես նաև կմասնակցեն Հայաստանի ավանդական երգի-պարի բազմաթիվ խմբեր, անվանի մշակութային գործիչներ։ 

«Հոբելյանական համերգը ևս մեկ առիթ է մասնակիցը դառնալու նրանց կատարած անձնվեր աշխատանքին և մեր հարգանքի տուրքը մատուցելու Հայրիկ Մուրադյանին և նրա դուստր Մարո Մուրադյանին, ինչպես նաև մեր մյուս երախտավորներին՝ Սարգիս Բաղդասարյանին, Հարություն Փանոսյանին, Սարգիս Ալավերդյանին, Արթուր Շահնազարյանին,  որոնց նվիրական աշխատանքի շնորհիվ այսօր էլ շարունակվում է մեր ազգային ավանդական մշակույթի հաղթական երթը դեպի հավերժություն», - ասում է Արսեն Գրիգորյանը։

«Ակունք» ազգագրական համույթը 1976 թ. ստեղծել է ազգագրագետ, բանահավաք Մարո Մուրադյանը, և այնպիսի ժամանակներում, երբ խորհրդային տարիներին արգելված էր ազգային մշակույթի ցանկացած դրսևորում։ «Ակունք» համույթը և ավանդական, ազգագրական մշակույթի պահպանման ու տարածման շարժումը, որի հիմքում կանգնած էր հայ երգի հայրիկ Հայրիկ Մուրադյանը, ազգային զարթոնքի պտուղներից մեկն էր, որից սնվեցին և այսօր էլ շարունակում են սնվել բազմաթիվ սերունդներ։ Այս տարիների ընթացքում  «Ակունք»  ազգագրական համույթը  ծառայել է հայ ավանդական մշակույթին, ներկայացրել ամբողջական՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգեր, պարեր և երաժշտական նմուշներ՝ աշխատանքային, հարսանեկան, քնարական, հայրենասիրական ու հոգևոր երգեր։ 1981 թ. Ստեփան Պողոսյանի շնորհիվ  «Ակունք» համույթը պաշտոնապես գրանցվում է որպես Ազգային ռադիոյի և հեռուստատեսության պետական համույթ։ «Ակունք»  ազգագրական համույթն իր մեծ ներդրումն է ունեցել նաև հայկական մշակույթի տարածման գործում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում   (Էստոնիա, Գերմանիա, Ալմաթի, Կիև, Մոսկվա, Ռոստով, ԱՄՆ և Կանադա, Վրաստան, Իտալիա, Սիցիլիա, Թուրքմենստան, Հնդկաստան, Բելգիա, Գերմանիա,  Սիրիա,  Եգիպտոս և այլուր):   Այսօր էլ համույթը հավատարիմ է իր առաքելությանը։