Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 95 տարեկան է

Հրապարակվել է՝ Dec 10 2019

Հեղինակ՝ ANM Media
Այսօր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նշում է իր հիմնադրման 95-րդ տարին։ 1924 թ. այս օրը՝ դեկտեմբերի 10-ին, դրվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հիմնաքարը:

95 տարի առաջ, դեկտեմբերի 10-ին, հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի նախաձեռնությամբ, կայացավ տեղի 18 երաժիշտներից կազմված առաջին նվագախմբային համերգը: Հետագայում, դիրիժոր Արշակ Ադամյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ջանքերով, կոնսերվատորիայի դասախոսներից և ուսանողներից կազմավորվեց մեծ սիմֆոնիկ նվագախումբ: Այդ նվագախմբի առաջին համերգը տեղի ունեցավ 1925թ. մարտի 23-ին:

Այսպես սկսվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պատմությունը, որն արդեն 95 տարի անընդմեջ բեղմնավոր գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում: Ներկայումս ՀԱՖՆ-ը հանդիսանում է Հայաստանում ազգային պրոֆեսիոնալ նվագախմբային երաժշտության կենտրոն: 

Armenian National Music-ի թիմը շնորհավորում է ՀԱՖՆ֊ի ողջ անձնակազմին, մաղթում շարունակական բեղուն գործունեություն, ստեղծագործական հետագա հաջողություններ, հավատարիմ ունկնդրի մեծաթիվ բանակ: