Երևանում կնշվի կոմպոզիտոր Խոակին Ռոդրիգոյի մահվան 20-րդ տարելիցը

Հրապարակվել է՝ Nov 12 2019

Հեղինակ՝ ANM Media
Նոյեմբերի 15-ին Երևանում կկայանա համերգ՝ նվիրված 20-րդ դարի ամենահայտնի իսպանացի կոմպոզիտոր Խոակին Ռոդրիգոյի մահվան 20-րդ տարելիցին: Համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Ջ. Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանքը, Վ.Ա. Մոցարտի Ֆլեյտայի և նվագախմբի համար գրված թիվ 1 կոնցերտը, Շումանի 4-րդ սիմֆոնիան: Համերգին Խ. Ռոդրիգոյի ստեղծագործություններից կկատարվի “Aria Antigua” ֆլեյտայի և լարային նվագախմբի համար գրված ստեղծագործությունը, որը Հայաստանում կհնչի առաջին անգամ:

Համերգին մասնակցելու համար Իսպանիայից կժամանի դիրիժոր Ռոբերտ Ֆերրերը և ֆլեյտահար Սառա Ուրենյա Կաբրերան:

Խոակին Ռոդրիգոյի (1901-1999) ստեղծագործական ուղին սերտորեն կապված է ազգային երաժշտական ավանդույթների հետ: Նա ստեղծագործում էր տարբեր ժանրերում։ Գրել է մի շարք կոնցերտներ նվագախմբի և տարբեր գործիքների համար, սակայն նրան համաշխարհային հռչակ է բերել «Արանխունես» և «Ֆանտազիաներ ջենթլմենի համար» ստեղծագործությունները, որոնք այսօր էլ դասվում են կիթառի համար գրված լավագույն ստեղծագործությունների շարքում: Բացի ստեղծագործական գործունեությունից, Ռոդրիգոն զբաղվել է իսպանական երաժշտության հետազոտմամբ և մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է: Այսօր բազմաթիվ երկրներում անցկացվում են Ռոդրիգոյին նվիրված փառատոներ և այլ միջոցառումներ: