Վարսենիկ Ավանյան. «Այն, ինչ քոնն է՝ ուրիշ ոգով ես ներկայացնում»

Հրապարակվել է՝ Oct 24 2019

Հեղինակ՝ Սոնա Խաչատրյան
2019 թվականին համայն հայությունը նշում է Կոմիտասի 150 ամյակը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում: Այս իրադարձությունը նշանավորվում է բազմաթիվ համերգներով և այլ միջոցառումներով: Կարևորագույն ձեռնարկին միացել է նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, ով Կոմիտասի և առհասարակ հայ կոմպոզիտորական արվեստը ներկայացնում է ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում: Այս անգամ երգչուհին ներկայանում է նոր համերգաշարով, որը կներկայացվի հոկտեմբերի 27-ին՝ Սանկտ-Պետերբուրգի Ելենա Օբրազցովայի անվան մշակույթի կենտրոնում, հոկտեմբերի 30-ին՝ Մոսկվայի «Նիկո» ցուցասրահում, նոյեմբերի 3-ին՝ Կլայպեդայի (Լիտվա) Ֆրանցիսկոնյան եկեղեցում և նոյեմբերի 6-ին՝ Վիլնյուսի արվեստի թանգարանում: Երգչուհուն հյուրախաղերի ընթացքում նվագակցելու են դաշնակահարներ Կարինե Պողոսբեկովան և Նարինե Ստեփանյանը:  

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի առաջարկով համերգների երկացանկում ընտրվել են նաև Ավետ Տերտերյանի չորս ռոմանսները, քանի որ այս տարի նշվում է նաև Ավետ Տերտերյանի 90 ամյակը: Ծրագրում ընդգրկված են նաև էդուարդ Աբրահամյանի ռոմանսները, իսկ համերգի ավարտին կկատարվեն նաև հոգևոր ժանրի գործեր: «Ավետ Տերտերյանի չորս ստեղծագործությունները գրված են Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի և Ալեքսանդր Պուշկինի բառերով: Վերջինիս «Соловей и роза» բանաստեղծության հիման վրա գրած երգը միակ ոչ հայերեն գործն է լինելու»,- ANM-ի հետ զրույցում նշում է երգչուհին: Ի դեպ, մոսկովյան համերգը տեղի է ունենալու Նիկողայոս Նիկողոսյանի ցուցասրահում, որտեղ ցուցադրվում են Կոմիտասի և Իսահակյանի կիսանդրիները: Այս առիթով այդ համերգի ազդագրին կատարողների լուսանկարների փոխարեն տեղադրվել է հենց քանդակագործի կերտած Կոմիտասը։    

«Այս տարի նաև Ավետ Տերտերյանի 90 ամյակն է: Նա աշխարհում հայտնի է որպես սիմֆոնիստ, ժամանակակից ակադեմիական երաժշտության հեղինակ իր յուրահատուկ ձեռագրով և երանգներով: Իմ ծրագրում ընդգրկել եմ նրա ուսանողական շրջանի գործերը, որոնք ոչ մի կապ չունեն այն ամենի հետ, ինչով նա հայտնի է: Վստահ եմ՝ օտարերկրյա հանդիսատեսը դրանք չի լսել»: Էդուարդ Աբրահամյանի երգերը ավելի հայտնի են, չնայած, որ նրան ավելի շատ ճանաչում են դաշնամուրային ստեղծագործություններով:     Ինչ վերաբերում է Կոմիտասին, ապա՝ «Դրանք շատ են տարբերվում մնացածներից հենց հոգևոր բովանդակությամբ և նա իր մշակումները արել է հոգևոր հիմքը պահելով: Գուցե շատերը չհամաձայնեն ինձ հետ, բայց կարծում եմ՝ Կոմիտասի մոտեցումը հոգևոր է և դրանով է նա առանձնահատուկ: Այդ պատճառով ցանկանում եմ համերգները ավարտել հոգևոր երաժշտությամբ, ցույց տալով, որ Կոմիտասի հիմքը հոգևորն է. այն չի փոխվում, կայուն է, շատ հին է բայց միևնույն ժամանակ ժամանակակից»:   Խոսելով համերգից սպասվող ակնկալիքներից, Վարսենիկ Ավանյանը նշում է, որ ցանկանում է ավելի շատ օտարերկրացիների տեսնել: «Վստահ եմ, որ Տերտերյանի և Աբրահամյանի գործերին ծանոթ չէ օտարազգի հանդիսատեսը: Իմ փորձը ցույց է տալիս, որ այն, ինչ քոնն է՝ ուրիշ ոգով ես ներկայացնում, իսկ հայ երաժշտությունը իրոք տպավորվում է օտարերկրացու մոտ»: Հյուրախաղերի ավարտից հետո երգչուհին նույն համերգային ծրագրով նոյեմբերի 20֊ին կներկայանա հայ ունկնդրին՝ ՀԲԸՄ դահլիճում:

Հյուրախաղերին աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակը և Armenian National Music ընկերությունը:

Լուսանկարը Տիգրան Առաքելյանի