Հայ օպերային երգչուհին Լիբանանի Golden Voices մրցույթի հաղթող է ճանաչվել

Հրապարակվել է՝ Oct 27 2019

Հեղինակ՝ ANM Media
Լիբանանաբնակ օպերային երգչուհի Կլարա Ալիխանյան-Ադամյանը Բեյրութում կայացած “Golden Voices Lebanon” երաժշտական մրցույթում նվաճել է հաղթողի տիտղոսը: Երգչուհին ծնվել է Գյումրիում, գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալի բաժինը (Կարինե Մկրտչյանի դասարան): 2015 թ-ից ապրում է Բեյրութում և ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում հայ համայնքում:  

“Golden Voices”-ը ֆրանսիական միջազգային նախագիծ է, որն առաջին անգամ էր անցկացվում Լիբանանում: Նախագծին մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի շուրջ 200 երգիչներ: «Մրցույթին մասնակցող միակ օպերային երգչուհին էի: Ինքս իմ ուժերի վրա վստահ էի, բայց արդյունքն անսպասելի էր: Չէի սպասում, որ Լիբանանում, որտեղ հիմնականում արաբական երաժշտություն են լսում, կհաղթի օպերան»,-ANM-ի թղթակցի հետ զրույցում նշեց երգչուհին:  

Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Յուրաքանչյուր մասնակից ներկայացրել է մեկ երգ:  Կլարա Ալիխանյան-Ադամյանը մրցույթի միակ հայ մասնակիցն էր: Մեր հայրենակցուհին կատարել է Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի “J'ai perdu mon Eurydice” արիան «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայից:  

«Հպարտ եմ, որ լիբանանյան բեմից հայկական ազգանուն հնչեց: Ամենաշատը ուրախ եմ հենց դրա համար: Աշխարհի որ ծայրում էլ լինեմ, որտեղ էլ բեմ բարձրանամ, փառքի համար բեմական կեղծանուններ չեմ վերցնի, հայկական ազգանունս չեմ փոխի»,-եզրափակում է երգչուհին: