«Եվրոպայում պետք է ճանաչեն իսկական հայկական երաժշտությունը». Վարդուհի Խաչատրյան - Armenian National Music (anmmedia.am)
«Եվրոպայում պետք է ճանաչեն իսկական հայկական երաժշտությունը». Վարդուհի Խաչատրյան

Հրապարակվել է՝ Մրտ 08 2020, 16:36

Հեղինակ՝ ANM Media
Յուրաքանչյուր համերգ սկսվում է օդակայանից: Այս սկզբունքն է որդեգրել Ժնևում գործող «Ավետիս» մշակութային ասոցիացիան, որը արդեն մի քանի տարի է Շվեյցարիայում ակտիվ գործունեություն է ծավալում  երաժշտական ոլորտում: «Արտիստն այդ պահից քոնն է, և քո վերաբերմունքով պետք է մեծ կարևորություն տաս նրան: Արտիստները շատ նրբանկատ են և կարևորում են ամեն մի մանրուք: Արդյունքում նրանք կարոտում են և մեծ ջերմությամբ են հիշում այն վայրը, երկիրը, որտեղ եղել են: Ես դա ասում եմ իմ անձնական փորձից ելնելով, քանի որ ինքս արտիստ եմ»,- ANM-ի թղթակցի հետ զրույցում ասում է ասոցիացիայի նախագահ, մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանը:  

«Ավետիս»-ն իր գործունեությունը սկսել է 2011 թվականին: Սկզբնական շրջանում ասոցիացիայի գործունեությունը շատ փոքր էր. կազմակերպում էին փոքրիկ համերգներ, տպագրվում էին նոտաներ: Բացման համերգին հանդես եկավ դաշնակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, այնուհետև կայացավ Գյուրջիևի անվան համույթի համերգը և այլ միջոցառումներ:

Շրջադարձային եղավ  2015 թվականը, երբ Եղեռնի 100-րդ տարելիցի շրջանակներում համերգ կազմակերպվեց հանրահայտ Վիկտորիա Հոլլում, որտեղ ներկայացվեց Պերգոլեզիի «Ստաբատ Մատերը» և բացման խոսքով հանդես եկավ նաև Ժնևի քաղաքապետը: Այսօր արդեն տարեկան 5-6 համերգ է կազմակերպում «Ավետիս»-ն այդ համերգասրահում:  «Այստեղից սկսվեց մեր հաջող մեկնարկը: Դրան արդեն հաջորդեցին բազմաթիվ այլ համերգներ ու միջոցառումներ: Օտար ունկնդրին ներկայացրեցինք հայ երաժիշտներին՝ Սերգեյ և Լուսինե Խաչատրյաններին, Բարսեղ Թումանյանին, Հովհաննես Այվազյանին, Վահագն Պապյանին, Նարեկ Հախնազարյանին, Տիգրան Համասյանին, Շուշան և Աստղիկ Սիրանոսյաններին, Հարութ Արզումանյանին, Ջուլիետ Գալստյանին: Այնուհետև սկսեցինք համագործակցել համաշխարհային մեծության օտարազգի ներկայացուցիչների հետ, որոնք մեր համերգներին պարտադիր կատարում են հայ հեղինակների ստեղծագործություններ»: Այդ արտիստների թվում են Մաքսիմ Վենգերովը, Միխայիլ Պլետնյովը, Անջելա Գեորգիուն, Խատիա Բունիաթիշվիլին, Էլինա Գարանչան, Էդգար Մորոն: 2019-ին կազմակերպված բոլոր համերգները նվիրվել են Կոմիտասի 150-ամյակին և բոլոր արտիստները կատարել են Կոմիտասից որևէ ստեղծագործություն: «Ես հասկացա, որ տեղի հայ համայնքով սահմանափակվել պետք չէ: Նրանք ունեն իրենց ճաշակը, շատերը սխալ  պատկերացում ունեն հայկական երաժշտության մասին: Հայաստանի հայերն այդ առումով ավելի իրազեկ են, այստեղ ավելի լավ են ճանաչում Կոմիտասին և զգում նրա մաքրությունը: Կա՛մ պետք է դեռ դպրոցներից լուրջ աշխատանք տանել, կա՛մ աշխատել եվրոպացու վրա, որը կգա և կճանաչի իսկական հայկական երաժշտությունը: Մեր նպատակը հայկական երաժշտությունն օտար ունկնդրին ներկայացնելն է: Մեր ունկնդրի մոտ 10 տոկոսն է հայ, մնացածը՝ եվրոպացիներ են, որոնք մեզ ճանաչում են որպես հայերի ու գիտեն, որ հայկական որևէ ստեղծագործություն հաստատ լսելու են: Միևնույն ժամանակ նրանք չեն գնում հայկական միջոցառման, այլ գնում են դասական համերգի»: Երգչուհու խոսքով՝ նրանք շատ լավ են ընդունում հատկապես Կոմիտասին, և շատերը երգչուհուն համերգից առաջ տեսնելիս հարցնում են՝ Կոմիտաս հնչելո՞ւ է: Մեծ պահանջարկ ունեն նաև Կոմիտասի ձայնասկավառակները: «Երբ համերգներից մեկի ժամանակ մութ դահլիճում Նարեկացու «Հավուն-հավուն»-ը երգեցի, ավարտին բեմի լույսը վառվեց՝ հանդիսատեսի աչքին արցունքներ տեսա: Համերգի վերջում հեղինակի և ստեղծագործության անունն էին հարցնում, իրենց մոտ նշում»: 


Այս տարիների ընթացքում ակտիվ է եղել նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ համագործակցությունը և աջակցությունը: Նա բազմիցս ներկա է եղել «Ավետիս»-ի համերգներին և ելույթ ունեցել բացման խոսքով:  «Viva Cello» համերգը պետք է նվիրված լիներ Ֆրանկաֆոնիային, որին պետք է ելույթ ունենային թավջութակահարներ Էդգար Մորոն ու Նարեկ Հախնազարյանը՝ Հայկ Մելիքյանի նվագակցությամբ: Ազնավուրը կյանքից հեռացավ համերգից մեկ շաբաթ առաջ և այն նվիրվեց մեծ շանսոնյեի հիշատակին: «Դահլիճը լեփ լեցուն էր: Համերգը սկսվեց մթության մեջ, միայն Շառլի ձայնն էր լսվում: Շատ հետաքրքիր էր Նարեկ Հախնազարյանի քայլը: Երբ ուզում էր խոնարհվել, Շառլի նկարը նրա մեջքի հետևում էր: Նա չկարողացավ գլուխ տալ հանդիսատեսին, խոնարհվեց Ազնավուրի նկարի առաջ` գլուխ տալով շանսոնյեին: Շատ հուզիչ տեսարան էր»:  

2020-ը ասոցիացիայի համար խիստ հագեցած տարի է: Կանանց տոնի կապակցությամբ կկազմակերպի մեցցո-սոպրանո Էլինա Գարանչայի համերգը, մայիսին Խատիա Բունիաթիշվիլին կներկայանա Քարնեգի Հոլլում, դիրիժոր Լեոնարդո Գարսիա Ալարկոնի ղեկավարությամբ կներկայացվի Ջ. Ռոսսինիի «Փոքր հանդիսավոր մեսսան», ասոցիացիայի նվագախմբի հետ ելույթ կունենա տենոր, դիրիժոր Միհրան Աղաջանյանը: Մարտա Արգերիխը և Նիկոլա Անգելիչը կներկայանան Կ. Սեն-Սանսի «Կենդանիների շքահանդես» համերգով:

Հայրենիքում «Ավետիս»-ի առաջին գործունեությունը Խատիա Բունիաթիշվիլիի համերգն էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որը մեծ հաջողություն ունեցավ: Ասոցիացիան առայժմ կսահմանափակվի այդ համերգով, քանի որ Ժնևում տարին բավական հագեցած է: «Երգչուհի Անջելա Գեորգիուն Հայաստանում ելույթ ունենալու ցանկություն հայտնել է: Նա մեր կազմակերպած համերգի ժամանակ կատարել է Առնո Բաբաջանյանի «Վոկալիզ»-ը, ցանկանում է նաև երգել Կոմիտաս»:   
ANM-ի հարցին, թե ինչպե՞ս «Ավետիս»-ը կարողացավ այդքան մեծ հաջողությունների հասնել Շվեյցարիայում, երբ մրցակցությունն անհամեմատ ավելի բարձր է, քան Հայաստանում, Խաչատրյանը պատասխանեց. «Քանի որ ինքս արտիստ եմ, ծանոթ եմ ներքին խոհանոցին: Ամենաբարդը հենց վոկալիստների հետ աշխատելն է: Նրանց հատուկ խնամք է հարկավոր, քանի որ իրենց գործիքը հենց իրենք են, իրենց ձայնալարերը: Երգիչները պետք է ավելի շուտ ժամանեն քան մյուս երաժիշտները, լռեն համերգի նախորդ օրը և  շատ ուրիշ մանրուքներ, որոնցից, ինքս լինելով երգչուհի, տեղյակ եմ: Օրինակ՝ ասում էին Անջելա Գեորգիուի հետ բարդ է աշխատել, մինչդեռ նա սիրում է աշխատել պրոֆեսիոնալների հետ: Մենք նույնիսկ սենյակում տեղադրում էինք օդը խոնավեցնող սարք, որի մասին համարյա ոչ մեկի մտքով չի անցնում, իսկ երգչի ձայնալարերի համար դա խիստ անհրաժեշտ բան է: Շատ ենք կարևորում ամեն մի մանրուք»: 

Հեղինակ՝ Սոնա Խաչատրյան