«Թատրոնի ուրվագծերը» դպրոց-լաբորատորիայի երրորդ փուլի առանցքը կլինի երաժշտությունը

Հրապարակվել է՝ Nov 12 2019

Հեղինակ՝ ANM Media
Ռուսական Նիժնի Նովգորոդ քաղաքում ավարտվել է «Թատրոնի ուրվագծերը» («Линии театра») միջազգային դպրոց-լաբորատորիայի երկրորդ փուլը: 

Այն փորձառական հարթակ է, որտեղ հատվում են թատրոնն ու ժամանակակից արվեստի մյուս ճյուղերը: Մասնակիցներն իրենց ուժերը կենտրոնացրել էին Գորկու ավտոմոբիլային գործարանի տարածքում, որը սերտորեն կապված է Նիժնի Նովգորոդի պատմության և զարգացման հետ: Այն այսօր իր լավագույն օրերը չէ ապրում և կանգնած է բազմաթիվ խնդիրների առաջ։ Դպրոց-լաբորատորիայի մասնակիցներին ուղարկել էին գործարան, որտեղ ոչ միայն շփվում էին աշխատողների հետ և շրջում տեղի թանգարանում, այլ նաև աշխատում: Դպրոց-լաբորատորիայի յուրաքանչյուր փուլ ունի մեկ ուղղվածություն: Առաջին փուլի առանցքը դրամատուրգիան էր, երկրորդինը՝ բեմանկարչությունը: Այս նախաձեռնության առավելությունը կայանում է նրանում, որ արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ աշխատում են լիովին հավասար պայմաններում։

Միջազգային այս նախագծին Հայաստանը ներկայացնող միակ մասնակիցը կոմպոզիտոր Ռուբեն Անտոնյանն է, ով երբևէ չէր ստեղծագործել նման պայմաններում և միջավայրում: «Նախագիծը մեծ փորձ է ինձ համար, քանի որ երբեք նման ձևաչափով չեմ աշխատել: Ես գրում եմ դասական ակադեմիական ժանրում՝ «Երաժշտություն երաժշտության համար» սկզբունքով»,- ANM-ի թղթակցի հետ զրույցում ասաց կոմպոզիտորը: Նրա խոսքով՝ թատրոնում երաժշտությունը, որպես կանոն, ծառայում է որպես ֆոն։ Կոմպոզիտորը հաճախ կատարում է ռեժիսորի պահանջները, ինչը չես ասի «Թատրոնի ուրվագծերը» նախագծի դեպքում: «Այս հարթակում ռեժիսորին հավասար ասելիք ունես, կարող ես այն դարձնել ներկայացման հիմնական գիծը: Մեծ փորձառություն է նման թիմի հետ աշխատելը»: Յուրաքանչյուր փուլի ընթացքում մասնակիցը աշխատում է տարբեր մարդկանց հետ՝ հնարավորություն ունենալով համագործակցելու բոլոր մասնակիցների հետ:

«Ուրախ եմ ծանոթանալ յուրաքանչյուր մասնակցի և համակարգողի ձեռագրին և գեղարվեստական սկզբունքներին: Անչափ հետաքրքիր է վարպետության դասեր ստանալ արվեստի այլ ոլորտի ներկայացուցիչների հետ, ծանոթանալ քաղաքային մշակույթին և «ԳԱԶ» գործարանի պատմությանը»:

«Թատրոնի ուրվագծերը» մեկամյա նախագիծ է, որը բաժանված է հինգ փուլերի՝ յուրաքանչյուրը մեկ շաբաթ տևողությամբ: Յուրաքանչյուր փուլ ունի իր համակարգողը: Միջազգային դպրոց-լաբորատորիայի գեղարվեստական ղեկավարն է Վիկտոր Ռիժակովը: Հաջորդ՝ երրորդ փուլը նվիրված է երաժշտությանը, որի համակարգողը մոսկվաբնակ կոմպոզիտոր Արման Ղուշչյանն է: