Ավետ Տերտերյանի 90 և Ալգիմանտաս Ռաուդոնիկիսի 85 ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում

Հրապարակվել է՝ Nov 08 2019

Հեղինակ՝ ANM Media
Նոյեմբերի 6-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունը ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վիլնյուսի «Կիրառական արվեստի» թանգարանում կազմակերպել էր համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90 և լիտվացի կոմպոզիտոր Ալգիմանտաս Ռաուդոնիկիսի 85 ամյակներին: Այս մասին հայտնում է դեսպանության հանրային կապերի բաժինը:

Միջոցառման ընթացքում Ավետ Տերտերյանի, Կոմիտասի, Ալգիմանտաս Ռաուդոնիկի, Էդուարդ Աբրահամյանի և այլ հայ ու լիտվացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան Վարսենիկ Ավանյանը (մեցցո-սոպրանո), Ստոպոնաս Զոնիսը (բարիտոն) և Նարինե Ստեփանյանը (դաշնամուր)։

Համերգին ներկա էին Լիտվայի օրենսդիր, գործադիր մարմինների և պետական այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վիլնյուսում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Հանդես գալով բացման խոսքով՝ դեսպան Տիգրան Մկրչտյանը նշեց, որ այս համերգով բացվում է բալթյան մայրաքաղաքներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ իրականացվող հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակին նվիրված համերգների շարքը։

Դեսպանը նաև հավելեց, որ վիլնյուսյան համերգին ավելացվել է նաև լիտվական բաղադրիչը, և հայ և լիտվացի երաժիշտների համատեղ համերգը նվիրված է նաև լիտվացի կոմպոզիտոր Ալգիմանտաս Ռաուդոնիկիսի 85-ամյակին։ Ներկայացնելով Ավետ Տերտերյանի կենսագրությունը և վերջինիս երաժշտական գործունեությունը՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ Տերտերյանն իրավամբ համարվում է հայազգի լավագույն կոմպոզիտորներից մեկը, ով ստեղծագործելով ամենատարբեր` կամերային, սիմֆոնիկ, օպերային երաժշտության ժանրերում և ստեղծելով ութ հիասքանչ սիմֆոնիաներ, իր անջնջելի հետքն է թողել հայ և համաշխարհային երաժշտության պատմության մեջ։ Դեսպանը կարևորեց Տերտերյանի ավանգարդ երաժշտության կապը հայ հոգևոր ավանդույթներին։ Խոսելով երկու հոբելյարների՝ Ավետ Տերտերյանի և Ալգիմանտաս Ռաուդոնիկիսի նմանությունների մասին՝ դեսպանը նշեց, որ կոմպոզիտորները, ստեղծագործելով սովետական ժամանակաշրջանում, կապված են եղել իրենց ազգային երաժշտության ակունքներին և այն լավագույնս ներկայացրել են համաշխարհային երաժշտությանը հասանելի լեզվով։