Առաջին անգամ կատարվել են Կոմիտասի նվագախմբային ստեղծագործությունները

Հրապարակվել է՝ Dec 02 2019

Հեղինակ՝ ANM Media
Դեկտեմբերի 1-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի նորակառույց դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին:

Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, պետական այրեր, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և այլ հրավիրյալներ: Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեց «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն, Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:

Այնուհետև հանդիսության առիթով ներկաներին իր հայրապետական պատգամն ու օրհնությունը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Երեկույթին համերգային կատարումներով հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան) և  դաշնակահար Լուսինե Խաչատրյանը: 

Հանդիսության երեք բաժիններում` «Կոմիտաս Վարդապետը», «Կոմիտասը և Եվրոպան», «Կոմիտասը և մենք», հնչած ստեղծագործությունների, դրանց ընտրության և Կոմիտաս վարդապետի հանճարի վերաբերյալ համապարփակ բանախոսություն ներկայացրեց երաժշտագետ, արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը: Մայր Աթոռում կազմակերպված հոբելյանական հանդիսությանը առաջին անգամ կատարվեցին և հայ հանդիսատեսի ուշադրությանը հանձնվեցին Կոմիտաս վարդապետի` բեռլինյան շրջանում հեղինակած «Հիշողություն» պիեսը լարային նվագախմբի համար և «Walde nacht» (Անտառի գիշերը) պիեսը սիմֆոնիկ նվագախմբի համար: