Հոբելյանական համերգ՝ նվիրված Սուրեն Հախնազարյանի 70-ամյակին

Հրապարակվել է՝ Nov 20 2019

Հեղինակ՝ ANM Media
Հախնազարյանների ընտանիքը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տոնում է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Սուրեն Հախնազարյանի 70-ամյակը: Նոյեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ճանաչված պրոֆեսորի հոբելյանական համերգը, որին մասնակցում է երաժշտական մեծ ավանդույթներ ունեցող Հախնազարյանների ողջ ընտանիքը՝ դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և դիրիժոր Տիգրան Հախնազարյանը: Հոբելյարը ևս իր կատարումներով կզարդարի համերգը:

Համերգի առաջին բաժնում կհնչի կամերային ծրագիր Հախնազարյանների կատարմամբ: Երկրորդ բաժնում Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Նարեկ Հախնազարյանը (թավջութակ) և համերգի հյուր, հոբելյարի ընտանիքի մեծ բարեկամ Խաչատուր Ալմազյանը (ջութակ): Կհնչեն Սեն-Սանսի «Մուսան և պոետը» և Ջովաննի Սոլլիմայի “Tarantulae Cadenzas”–ն (հայաստանյան պրեմիերա)՝ գրված թավջութակի, ջութակի և նվագախմբի համար: Համերգը կղեկավարեն դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը և Տիգրան Հախնազարյանը:

Սուրեն Հախնազարյանի հոբելյանը նոյեմբերի 11-ին համերգով նշվել է նաև Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դահլիճում: Համերգից հետո Նարեկ Հախնազարյանը գրել է. «Ես շնորհակալ եմծնողներիցս այս համերգի համար: Քիչ երաժիշտներ կան, որոնց նկատմամբ տարիներն անզոր են, որոնք աներկբայորեն և անշահախնդրորեն նվիրել են իրենց կյանքը երաժշտությանը ծառայելուն՝ ելույթներ ունենալով ամբողջ աշխարհում և կրթելով երաժիշտների մի քանի սերունդ: Նույն բեմում ձեզ հետ ելույթ ունենալն ուղղակի հրաշք է»:

Սուրեն Հախնազարյանը 2008թ-ից Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ջութակահարների ամբիոնի պրոֆեսոր է: 1974 – 2007 թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1986թ.-ից դոցենտ, 1993թ.-ից՝ պրոֆեսոր): Եղել է մի շարք Հանրապետական և Միջազգային մրցույթների հանձնաժողովի անդամ, վարպետության դասեր է ունեցել Շոտլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և այլուր:

Ս. Հախնազարյանը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը (պրոֆեսոր Վիլլի Մոկացյան, 1972թ.) և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Լեոնիդ Կոգան, 1974թ.):