Հայկական օպերային թատրոնի բեմում առաջին անգամ հնչեց Ումբերտո Ջորդանոյի «Անդրե Շենիե» օպերան

Հրապարակվել է՝ Oct 09 2019

Հեղինակ՝ ANM Media
Հոկտեմբերի 7-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ կայացավ Ումբերտո Ջորդանոյի «Անդրե Շենիե» օպերայի համերգային կատարումը:  

Օպերայի գլխավոր հերոսը ֆրանսիացի բանաստեղծ Անդրե Շենիեն է, ով թեև սկզբում ողջունում է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, բայց հետագայում մերժում է յակոբինյան դիկտատուրան, պաշտպանում թագավորին և քննադատում յակոբինյանների գլխավոր առաջնորդ Ռոբեսպիերին: Բանտում անցկացրած օրերին նա գրում է իր լավագույն բանաստեղծությունները, որոնցից ներշնչվել է օպերայի լիբրետոյի հեղինակ Լուիջի Իլլիկան: 1794 թ. հուլիսի 25-ին Անդրե Շենիեին մեղադրել են պետության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ և նույն օրը մահապատժի ենթարկել:  

Բանաստեղծին մարմնավորեց ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը (տենոր), իսկ Կարլո Ժերարին՝ Դավիթ Բաբայանցը (բարիտոն): Մադալենա Դի Կուանյիի դերում հանդես եկավ Սիրանուշ Գասպարյանը (սոպրանո), Կոմսուհի Դի Կուանյիի դերում՝ Գրետա Բագիյանը (մեցցո-սոպրանո): Համերգային կատարման մեջ ներգրավված էին նաև Վարսենիկ Ավանյանը, Հայկ Տիգրանյանը, Պողոս Բեազբեկյանը, Հովհաննես Անդրեասյանը, Արմեն Բադալյանը և Աշոտ Ղանթարջյանը: Բեմադրող դիրիժորն էր Ջանլուկա Մարչիանոն՝ Իտալիայից: