Կոմիտասին նվիրված երեկո Մյունխենում

Հրապարակվել է՝ Dec 03 2019

Հեղինակ՝ ANM Media
Նոյեմբերի 29-ին Մյունխենի Բոլոր սրբերի եկեղեցում կայացավ համերգ՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Այս մասին հայտնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Համերգի կազմակերպիչներն էին ԳԴՀ Բավարիա երկրամասի Գիտության և արվեստի նախարարությունը, Europamusicale մշակութային կազմակերպությունը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը և Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսը: Համերգի ընթացքում Կոմիտասի, Անտոն Բրուքների, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վաչե Շարաֆյանի և և այլոց ստեղծագործությունների կատարումներով հանդես եկավ «Հովեր» պետական կամերային երգչախումբը ( գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյան) և հայտնի թավջութակահար Միքայել Հախնազարյանը: Տեղի ունեցավ նաև Հակոբ Մազլումյանի «Լռություն» ստեղծագործության պրեմիերան:

Համերգից առաջ ներկաներին ողջունեցին Europamusicale կազմակերպության խորհրդի նախագահ Մարտին Շտայնմայերը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Իր խոսքում դեսպանն ընդգծեց, որ «Հովեր» երգչախումբն արդեն ավելի քան 25 տարի միջազգային տարբեր բեմահարթակներում ցուցադրել է իր կատարողական բարձր արվեստը՝ արժանանալով հանդիսատեսի հիացմունքին: Համերգին ներկա էին Մյունխենում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, քաղաքային իշխանությունների, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ: