Վլադիմիր Սպիվակովի հետ զրույցները՝ հայերեն

Հրապարակվել է՝ Dec 26 2019

Հեղինակ՝ ANM Media
«Օրակուլ» հրատարակչությունը լույս է ընծայել Սոլոմոն Վոլկովի «Զրույցներ Վլադիմիր Սպիվակովի հետ» գրքի հայերեն թարգմանությունը։ Գիրքը երկխոսություն է մանկության երկու ընկերների միջև։

ANM-ի հետ զրույցում հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանը նշեց, որ երկու տարի առաջ երբ սովորում էր Մոսկվայում, ծանոթացավ գրաքննադատ Կլարիսա Պուլսոնի հետ։ Շփման ընթացքում որոշեցին համատեղ մեծ ծրագիր անել և այդպես ծնվեց երկու գրքերի պատմություն։ Առաջինը Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին», մյուսը՝ Սոլոմոն Վոլկովի «Զրույցներ Սպիվակովի հետ» գիրքն է։ Քանի որ Իշխանյանը լավ առաջարկներից արագ է ոգեշնչվում և դարձնում այն իր կյանքի իմաստը, չէր կարող հրաժարվել այդ երկու մեծ նախագծերից։

«Հաշվի առնելով Վլադիմիր Սպիվակովի սերտ կապերը Հայաստանի հետ՝ սիրով լծվեցինք գրքի թարգմանությանը։ Երբ վերադարձա Հայաստան, սկսեցի փնտրել այն մարդուն, ով իր վրա կվերցնի թարգմանության ծանր բեռը։ Մեծ խնդիր ունեինք ռուսերենից հայերեն թարգմանիչ գտնելու հարցում, և շատ երաժիշտներ, ովքեր մեծամասամբ ռուսախոս էին, դժվարանում էին այն թարգմանել։ Խոսելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Դադյանի հետ, մենք այդ գործը վստահեցինք կոնսերվատորիայի դոցենտ Սահենիկ Մաղաքյանին։ Հեղինակային իրավունքները ձեռք բերելու հարցում մեծ աջակցություն ցուցաբերեց իմ մտերիմ ընկերը՝ խմբագիր, Ռուսաստանի խոշոր հրատարակիչներից Ելենա Շուբինան»։

Երբ գրքի վրա տարվող աշխատանքները գրեթե ավարտված էին, Իշխանյանը կապ հաստատեց Վ․ Սպիվակովի հետ, ով արդեն տեղյակ էր, որ իր գիրքը հրատարակվում է հայերեն և միանգամից արձագանքեց։ «Մեր շփմանը միացավ Սաթի Սպիվակովան ու մենք սկսեցինք քննարկել ամեն ինչ՝ շապիկի ձևավորումից մինչև շնորհանդեսի հնարավոր տարբերակները։ Երկուսն էլ լինելով խիստ զբաղված, շատ դժվար են ժամանակ գտնում, սակայն պարտաճանաչ պատասխանում են բոլոր հարցերին՝ գիտակցելով, որ դա իրենց մասին պատմող գիրք է և առաջին հերթին իրենց անվան հետ է կապված»։

Ներկայումս հնարավոր տարբերակներ են քննարկվում Մոսկվայում և Երևանում շնորհանդեսներ անցկացնելու համար, որին ցանկանում է մասնակցել ինչպես Սպիվակովը, այնպես էլ իր կինը։ Շնորհանդեսները զուտ ժամկետների հետ են կապված։ Մոսկովյան շնորհանդեսին կմասնակցի նաև Ելենա Շուբինան, ով Մոսկվայում հրատարակել է այդ գիրքը։ Շուբինան մեծ ցանկություն ունի նաև ներկա գտնվել հայաստանյան շնորհանդեսին։