Կորոնավիրուս․ մարտահրավերների և ստեղծագործական մտքի շրջանը - Armenian National Music (anmmedia.am)
Կորոնավիրուս․ մարտահրավերների և ստեղծագործական մտքի շրջանը

Հրապարակվել է՝ Ապր 20 2020, 12:21

Հեղինակ՝ ANM Media
Պատմության մեջ եթե ոչ ամբողջովին, ապա գրեթե անհայտ են դեպքեր, երբ ծանր աշխարհքաղաքական կամ սոցիալական իրավիճակներում ամբողջովին փակվեն մշակութային հաստատությունները։ Կան բազմաթիվ վկայություններ, երբ Հայրենական պատերազմի տարիներին ամեն գնով մշակութային օջախները շարունակում էին իրենց գործունեությունը։ Օրինակ՝ Ռուսաստանի մեծ թատրոնը բազմաթիվ պրեմիերաներ է ունեցել 1941-45 թթ․, երաժիշտներից շատերը ելույթ էին ունենում ռազմաճակատներում՝ բարձացնելով զինվորի ոգին։
   
Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ անկախ Հայաստանը թևակոխեց ծանր ժամանակաշրջան, չէին դադարում գործել Հայաստանի մշակութային հաստատությունները։ Բոլորն են հիշում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները՝ Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ։ Գրեթե բոլոր երևանցիները գոնե մեկ անգամ ներկա են գտնվել Արամ Խաչատրյան համերգասրահի  լուսավոր և ջեռուցվող դահլիճում անցկացվող դասական և հոգևոր համերգներին, կամ պարզապես հետևել են համերգներին հեռուստատեսությամբ։ Արդյունքում՝ Լորիս Ճգնավորյանը երկրում ամենաճանաչված և սիրված դեմքերից մեկն էր։ 

1990–ականներին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Տիգրան Լևոնյանի ղեկավարությամբ բեմադրվել են Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ», «Կարինե», Ա. Տիգրանյանի «Անուշ» և այլ օպերաներ։

2020-ը իր տեսակով բացառիկ եղավ։ Կորոնավիրուսի համավարակը ողջ աշխարհին ստիպեց նստել նույն նավը և լողալ գետի հունով։ Մշակութային հաստատություններն իրենց դռները ստիպված եղան փակել անորոշ ժամանակով։ Պարզ է միայն, որ 2019-2020 համերգաշրջանն արդեն ավարտված է։ Թվում էր՝ ամեն ինչ վերջացել է և երաժիշտները կանցնեն պարապուրդի։ Սակայն երաժիշտները և երաժշտական կոլեկտիվները պարզապես կոտրեցին բոլոր կարծրատիպերը։ Գրեթե բոլոր հռչակավոր թատրոնները ամբողջ աշխարհի համար հասանելի դարձրեցին իրենց լավագույն ներկայացումների տեսագրություները, որոնք մինչ այդ տրամադրում էին բաժանորդագրության պայմաններով։ Որոշ արտիստների համար բեմ դարձավ սեփական պատշգամբը, մյուսների համար էլ՝ բուն համացանցը։ Շատերը մեկը մյուսին մարտահրավերներ նետելով ստեղծագործական մի ամբողջ շարք են ստեղծում կամ պարզապես նվագում են սիրելի հանդիսատեսի համար։ Ամենահամարձակներն ամբողջությամբ անցան ուղիղ եթերների և կենդանի ռեժիմով համարյա ամեն երեկո ելույթ են ունենում սիրելի ունկնդրի համար։ Սահմանափակ հնարավորությունների արդյունքում մեծամասնությունը գործի դրեց սեփական վառ երևակայությունը և սկսեց ավելի ստեղծագործաբար մոտենալ ամեն ինչին։ Մինչ այդ շատերը բողոքում էին ժամանակի սղությունից, սակայն նույն ժամանակը ցույց տվեց, որ մեծամասնության պասիվությունը պայմանավորված չէր զբաղվածությամբ։

Թե որքան կտևի համավարակը՝ պարզ չէ։ Որոշ մանսագետներ կարծում են, որ դրա ավարտից հետո էլ առնվազն մեկ տարի պետք է պահպանել սոցիալական հեռավորությունը, այնինչ՝ համերգային ոլորտի համար նման սահմանափակումն առայժմ խորթ է։ Միայն ժամանակը ցույց կտա, թե ինչի կհանգեցնի այս ամենը ոլորտի համար։ Կփոխվի՞ արդյոք երաժիշտների կարգավիճակը թե՞ ամեն ինչ կվերադառնա հնին՝ ժամանակը ցույց կտա։ Միայն կարելի է արձանագրել, որ սա պատմական ժամանակաշրջան է և այն բազմաթիվ  հետազոտությունների թեմա կդառնա։ Միայն տարիներ հետո կերևա այս ամենի հստակ պատկերը և իրական արժեքները։

Հեղինակ՝ Սոնա Խաչատրյան

Լուսանկարը՝ Մարիա Վարդանյանի/ՀԱՖՆ