Մանսուրյանի «Ռեքվիեմը» առաջին անգամ կհնչի Չեխիայում

Հրապարակվել է՝ Jan 13 2020

Հեղինակ՝ ANM Media
Հունվարի 23-ին և 24-ին Չեխիայի երկրորդ քաղաքում՝ Բռնոյի ֆիլհարմոնիայի Բեսեդնի դում համերգասրահում առաջին անգամ կհնչի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»: Այս մասին հայտնում է Բռնոյի ֆիլհարմոնիան։ Համերգը կրում է «Բախ եւ Մանսուրյան» խորագիրը, և համերգի առաջին մասում կկատարվեն Բախի թիվ 32 և թիվ 68 կանտատները, իսկ երկրորդ մասում՝ Մանսուրյանի «Ռեքվիեմը»։ Համերգին անձամբ ներկա կլինի կոմպոզիտորը։

Ստեղծագործությունը Տիգրան Մանսուրյանը գրել է 2011 թվականին, և նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 2017-ին «Ռեքվիեմի ձայնասկավառակն առաջադրվել է Գրեմմիի, 2018 թվականին արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցանակի։ Ստեղծագործությունը գրվել է անվանի դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի նախաձեռնությամբ։ Ռեքվիեմը կկատարի Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Ա․ Լիբրայխի ղեկավարությամբ։ Համերգին կմասնակցեն նաև չեխական Բարոկկո երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Թերեզա Վալկովա), սոպրանո Անյա Պետերսենը և բարիտոն Էնդրյու Ռեդմոնդը։