Լոս Անջելեսի «Դիլիջան» 15-րդ համերգաշարը կներկայացնի հինը ու նորը, հայտնին ու անհայտը

Հրապարակվել է՝ Dec 20 2019

Հեղինակ՝ ANM Media
Լոս անջելեսյան «Դիլիջան» կամերային երաժշտության համերգաշարը ներկայացնում է 15-րդ համերգաշրջանի երրորդ համերգը: «Սեր» խորագրով տոնական ծրագրում ներկայացված են Մ․ Բրուխի, Դ․ Շոստակովիչի և Ա․Հարությունյանի ստեղծագործությունները, ինչպես նաև Լ․ Բերիոյի Սեկվենցիան ձայնի համար և Յ. Բրամսի թիվ 1 լարային քառյակը: Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին, Զիփեր Հոլլում, հայտնում է Ասպարեզը:

Որոշակի դադարից հետո փառատոնին կրկին կմիանա սոպրանո Շուշիկ Բարսումյանը, ով ելույթ կունենա փառատոնի նոր մասնակցի՝ դաշնակահար Վաչե Ջամբազյանի հետ: Բացի դրանից, համերգին ելույթ կունենան կլարնետահար Անուշ Պողոսյանը, ջութակահար Կառա Պողոսյանը, թավջութակահար Էդվարդ Պողոսյանը և ջութակահարներ Վարդի Մանուելյանը (Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբից) և Մովսես Պողոսյանը («Դիլիջան» համերգաշարի գեղարվեստական ղեկավար)

5-րդ համերգաշարը այս տարի ներկայանում է բազմազան ծրագրով. Բեթհովենի, Բրամսի, Շուբերտի և Հայդնի գլուխգործոցները կկատարվեն Կոմիտասի, Հարությունյանի, Մանսուրյանի, Շարաֆյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հետ: