Էդուարդ Թոփչյանը՝ լեգենդար «Կոնցերտգեբաու»-ի բեմում

Հրապարակվել է՝ Oct 04 2019

Հեղինակ՝ ANM Media

Հոկտեմբերի 6-ին  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը համերգային ծրագրով հանդես կգա աշխարհի հեղինակավոր համերգասրահներից մեկում՝ լեգենդար «Կոնցերտգեբաուի» Մեծ դահլիճում (Ամստերդամ): Նա կղեկավարի Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբը: Համերգի ընթացքում կհնչեն Բեթովենի, Բրամսի, Ֆրանց Դոպլերի ստեղծագործությունները:

Մինչ այդ՝ հոկտեմբերի 5-ին, Էդուարդ Թոփչյանը Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախմբի հետ նույն ծրագրով հադես կգա Ֆլանդրիական հեղինակավոր փառատոնում:

«Կոնցերտգեբաու» համերգասրահը կառուցվել է 1883-1888 թթ., Ամստերդամում: Համերգասրահը հայտնի է իր բացառիկ ակուստիկայով: «Կոնցերտգեբաուի» Մեծ դահլիճը նախատեսված է 2037 հանդիսատեսի համար: Այս դահլիճում ելույթ են ունեցել բոլոր ժամանակների մեծագույն դիրիժորներ Հերբերտ ֆոն Կարայանը, Կլաուդիո Աբբադոն, Ռիկկարդո Մուտին, Վալերի Գերգիևը և այլոք:

Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Էդուարդ Թոփչյանի հայաստանյան համերգը` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, կկայանա հոկտեմբերի 16-ին: Համերգին կմասնակցեն միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, հայտնի ջութակահարուհի Աննա Տիֆուն և դաշնակահարուհի Անահիտ Չաուշյանը: