Կյանքից հեռացել է թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանը

Հրապարակվել է՝ Oct 22 2019

Հեղինակ՝ ANM Media
Խոր վշտով հայտնում ենք, որ 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանը։

Վահրամ Սարաջյանը ծնվել է 1948 թվականին Երևանում, դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջևի և երգչուհի Աննա Սարաջյանի ընտանիքում: 1971 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: Մենահամերգներով հանդես է եկել Լոնդոնում, Փարիզում, Միլանում, Ժնևում, Վիեննայում, Ցյուրիխում, Մադրիդում, Բուենոս Այրեսում, Նյու Յորքում և այլուր: Համագործակցել է անվանի դիրիժորների՝ Վալերի Գերգիևի, Օհան Դուրյանի, Եվգենի Սվետլանովի, Յուրի Տեմիրկանովի և կատարողների՝ Բ. Վենգերովի, Դ. Գերինգասի, Ե. Կիսինի, Դ. Ֆիլիպսի հետ: Մասնակցել է «Սպիտակ գիշերների աստղեր» (Սանկտ Պետերբուրգ), Դմիտրի Շոստակովիչի (Հյուսթոն), Բրատիսլավայի, Պրահայի, Իտալիայի միջազգային երաժշտական փառատոներին: Դասավանդել է Օբեռլինի (Օհայո, ԱՄՆ), Կոնեկտիկուտի, Ա. Քոփլենդի (Նյու Յորք) երաժշտական քոլեջներում: 1991 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում: 

Armenian National Music-ը խորին ցավակցություններն է հայտնում Վահրամ Սարաջյանի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին: