Հայաստանում կոնտրալտո Սեդա Ամիր-Կարայանի անունը սերտորեն կապվում է Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտության հետ, քանի որ նա արդեն քսան տարի է, ինչ համարվում է այդ հեղինակի երգերի անփոխարինելի կատարողը: Այսօր երգչուհին ապրում է Գերմանիայում և լուրջ գործունեություն ծավալում դասական երաժշտության ոլորտում, ինչի մասին Հայաստանում քչերը գիտեն: «Սովորում էի կոնսերվատորիայի ջազային բաժնում, որովհետև դասական բաժին ընդունվելու համար վոկալ տվյալներս բավարար չէի համարում ցածր էին գնահատվում: Հետագայում ուսումս շարունակեցի երաժշտագիտական բաժնում՝ Մհեր Նավոյանի դասարանում՝ որպես միջնադարագետ և այդ ժամանակ բավական լուրջ բացահայտնումներ արեցինք իրար հետ»,- ANM-ի հետ զրույցում պատմում է երգչուհին ու հավելում. «իմ տարերքը, սակայն, բեմն էր»: Զուգահեռ երգում էր «Գեղարդ» Երգեցիկ խմբում երգչախմբում: Հենց «Գեղարդ»-ում երգելու ընթացքում նրան նկատում է Գերմանիայից ժամանած հյուրերից մեկը, ով երգչախմբի լավ բարեկամն է, և ասում, որ նա պետք է Բախ երգի: «Զարմացա, որովհետև համարում էի, որ Բախի ստեղծագործություններից շատ հեռու եմ, հետո ստացվեց այնպես, որ այդ նույն կազմակերպության աջակցությամբ Ռոբերտ Ամիրխանյանի և Գուրգեն Բավեյանի հետ հյուրախաղերի մեկնեցինք Գերմանիա: Հենց այդ նույն ժամանակ ինձ ասացին, որ Շտուտգարտի Միջազգային Բախ Ակադեմիան լսումներ է անցկացնում և առաջարկեցին մասնակցել: Սիրով համաձայնեցի, չնայած Բախից ոչ մի գործ իմ երկացանկում չկար: Պետք էր արագ գերմաներեն սովորել, այնինչ ես արդեն 29 տարեկան էի և միակ առավելությունս կոնտրալտո լինելն էր: 2011 թ. հոկտեմբերին տեղափոխվեցի Գերմանիա»: Առաջին համերգը երկար սպասել չտվեց. դեկտեմբերին ելույթ ունեցավ Հենդելի «Մեսիա» օրատորիայով: Երգչուհու կարիերայում շրջադարձային եղավ 2013 թ.-ը, երբ Ցվիկաու քաղաքում անցկացվող օրատորիալ երգեցողության մրցույթում դժվարին հաղթանակ տարավ և դրանից հետո համերգային բոլոր դահլիճների դռները՝ այդ թվում Բեռլինի ֆիլհարմոնիան, բացվեցին նրա առջև: Այս տարի էլ, ապրիլի 5-ին նույն համերգասրահում նա ընդգրկված է Վ․Ա․ Մոցարտի Ռեքվիեմում և հոկտեմբերի 18-ին Մ․ Բռուխի «Օդիսեյ» օրատորիայում: Ամիր-Կարայանն այսօր զբաղվում է միայն երգեցողությամբ, երկացանկում կանտատ-օրատորիալ ժանրն է և գերմանական լիդը: Հայաստանի հետ կապը երգչուհին երբեք չի խզում, չնայած՝ դասական երկացանկով այստեղ երբեք ելույթ չի ունեցել: «Գուցե իմ՝ որպես դասական երգչուհու կամ իմ երկացանկի հանդեպ հետաքրքրություն չկա: Պրոֆեսոր Ուլրիկե Զոնթագին հրավիրեցիք Հայաստան, առաջին անգամ վարպետության դասեր անցկացրեցինք կոնսերվատորայում: Նա շատ զարմացած էր, թե որքան գեղեցիկ ձայներ ունենք և ցավոք այնքան անելիք ունենք կատարողական արվեստում: Ընտրել ենք միայն մեկ ուղղություն՝ իտալական բելկանտո: Ունենք հազվագյուտ գեղեցիկ ձայներ, բայց այդ ձայները չգիտեն, թե ուր են գնում կամ ուր են իրենց տանում: Չի կարելի Վերդիի ստեղծագործությունները երգել ինչպես Բախի, Բախն էլ՝ Պուչինիի նման: Դրանք իրարից շատ տարբերվող և կատարողական ճշգրիտ հմտություններ պահանջող ժանրեր են: Չի կարելի միայն ձայնը դնել հիմքում, առանց իմանալու թե տվյալ ստեղծագործությունը կամ դարաշրջանը ինչ ինտերպրետացիոն առանձնահատկություններ է պահանջում: Այդ ամենը շատ կարևոր է և զգալի ազդեցություն ունեցավ: Զարմանալին և գովելին այն է, որ վարպետության դասի մասնակիցներն իսկույն կարողանում էին փոխել իրենց մոտեցումը դեպի ձայնը: Ցավում եմ, որ Հայաստանում բարոկ երաժշտություն շատ քիչ է կատարվում, իսկ դա անհրաժեշտութուն է առողջ մշակութային միջավայրի համար»: Վերջերս դաշնակահար Գյոց Փայերի հետ ձայնագրվել է Ամիր-Կարայանի ձայնասկավառակը, որտեղ գերմանացի հեղինակների կողքին Կոմիտասն է: «Եկա այն եզրակացության, որ այս սկավառակում իմ կենսագրությունն եմ երգում. որտեղից եկա, ուր եկա և ուր հասա»: Կոմիտասի կողքին Գուստավ Մալերի և Ռոբերտ Շումանի ստեղծագործություններն են՝ գրված Յոզեֆ ֆոն Այխենդորֆի, Լեանդերի և Ռյուքերթի խոսքերով: Այն կոչվում է «Տրտմություն»՝ ըստ Շումանի համանուն երգի, որը նույնքան լավ կարողանում է բնութագրել կոմիտասյան մեներգերը։ «Երբ հնարավություն ունեմ ինքս ընտրելու ծրագիրը՝ անտարակույս նաև Կոմիտաս եմ կատարում: Դա իմ առաքելությունն է: Որքան կարող եմ օգտակար լինել հայ երաժշտությանը՝ պետք է լինեմ և դրան շատ լուրջ եմ վերաբերվում»: Նրա խոսքով՝ օտարերկրացին Կոմիտասի երգերին և՛ սովոր է, և՛ անսովոր: Նշում են, որ շատ տխուր են երգերը: Ժողովուրդը երգել է այն, ինչ զգացել և ապրել է: Գերմանիայում այսօր ապրում են մեծաթիվ հայեր, սակայն մշակութային կյանքին այդքան էլ ակտիվ չեն մասնակցում: Շտուտգարտում, որտեղ բնակվում է երգչուհին, Տիրատուր քահանա Սարդարյանը հայ մշակույթի օրեր է անցկացնում, հայտնի արվեստագետների հրավիրում և դրանով համայնքի ներգրավվածությունը հայ մշակույթին սահմանափակվում է: «Ինչ վերաբերում է ինձ, ցավոք սրտի իմ արվեստը համայնքից շատ քչերին է հետաքրքրում: Ճաշակի կողմնորոշման խնդիր կա»: Նրա կարծիքով՝ հայ ազգի դիմագիծն առաջին հերթին անհրաժեշտ է ներկայացնել ակադեմիական արվեստով: «Հեղափոխությունը պետք է սկսել մշակույթից: Կարծում եմ՝ դա առաջին նախապայմանն է: Իզուր չէր Չերչիլը ասում՝ եթե չունենք մշակույթ, ապա ինչո՞ւ ենք պատերազմում: Ես փորձում եմ իմ հնարավորությունների սահմաններում դա անել և միշտ պատրաստ եմ ցանկացած հարցում օգտակար լինել իմ հայրենակիցներին»: Հարցազրույցը՝ Սոնա Խաչատրյանի