Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար․ «Սարդարապատ» երգի ծնունդը - Armenian National Music (anmmedia.am)
Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար․ «Սարդարապատ» երգի ծնունդը

Հրապարակվել է՝ Մյս 28 2020, 19:01

Հեղինակ՝ ANM Media
Հայաստանի առաջին հանրապետության տոնը և Սարդարապատի հերոսամարտի տարեդարձին ամեն տարի լսում ենք «Սարդարապատ» երգը, սակայն քչերը գիտեն երգի պատմությունը և նույնիսկ հեղինակներին։ Կ. Թերզյանի «Բույլ մեծաց» գրքում նշված է, որ երգի հեղինակը՝ Էդգար Հովհաննիսյանն այն գրվել է Սարդարապատի հուշահամալիրի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի առաջարկով։ 

«1968 թվականն էր, երբ նշվում էր Սարդարապատի ճակատամարտի 50-ամյակը, և արդեն համարյա ավարտվել էր դրան նվիրված հուշարձան-կոթողի կառուցումը, ինձ զանգահարեց Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, ասաց, որ շատ է հավանում «Երևան-Էրեբունի» երգը և շատ է ուզում, որ Սարդարապատ հուշարձանի զանգերի մեղեդին ես գրեմ: Այդ երգով զբաղվում էր հատուկ հանձնաժողով: Հանձնաժողովը որոշեց, որ զանգերի մեղեդին պետք է լինի զեյթունցիների քայլերգը, որ, հավանաբար, ճիշտ էր, որովհետև ավանդական մեր պատմական երգերից է. նոր մեղեդին կարող էր գոնե սկզբնական շրջանում խորթ թվալ: Այդ միտքը՝ Սարդարապատին նվիրված երաժշտություն ստեղծելը, մտավ իմ մեջ՝ շնորհիվ Ռաֆայել Իսրայելյանի:  

Քանի որ մի երգ Պարույր Սևակի հետ ես գրել էի՝ «Երևան-Էրեբունի», և Պարույր Սևակին շատ մոտ էին նման գաղափարները, ես նորից դիմեցի նրան: Պարույրը, որը առաջներում միշտ հակառակ էր այն բանին, որ սկզբում ստեղծվում է երաժշտությունը, ապա հետո նրա համար բանաստեղծությունը գրվում, ասաց.

 -Գիտե՞ս. «Երևան-Էրեբունի» երգի փորձը ցույց է տալիս, որ դա սխալ չէ, արի դու սկզբից երգի երաժշտությունը գրիր, ես հետո այդ չափերով բանաստեղծությունը կստեղծեմ: Եվ այսպես, այդ երգը ստեղծվեց: Պետք է ասեմ, որ բանաստեղծությունը՝ երգի տեքստը, ընդունեցի հիացմունքով: Իրոք, շատ լավն էր, շատ բարձր պոեզիա էր: Հավանաբար, ժողովածուների մեջ չի մտել, որովհետև Սևակն ունի ավելի խորը, ավելի բարձրարժեք ստեղծագործություններ. չգիտեմ, բայց իր բովանդակությամբ, իր բանաստեղծական բնույթով, իր աֆորիզմով, որ կա այդ կարճ տեքստի մեջ, շատ բարձր ստեղծագործություն է: Երբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար: Այդ բանաստեղծության ամեն մի տողը ուղղակի գլուխգործոց է և մարգարիտ: Պարույր Սևակի հետ ընդամենը երկու երգ գրեցինք: Մտադիր էինք մեծ կտավի ստեղծագործության վրա աշխատել, սակայն կյանքը մեզ այլ բան հրամցրեց...»,-նշված է գրքում։