Երբ հարցերը բարձրաձայնում ես, պատասխանները զրնգում են

Հրապարակվել է՝ Nov 05 2019

Հեղինակ՝ ANM Media
Ես չեմ ուզում կրկնվել։

Թեման պարզ է։

Պարոն Բաբայանի հարցազրույցում շատ բան ասված է։

Ես կխոսեմ այլ տեսանկյունից, երբեմն դիտավորյալ պարզունակ դարձնելով խոսքս։

Համարյա ամեն օր գիշերային ժամերին Սայաթ-Նովա փողոցով անցնում են ավտոմեքենաներ, բաց ապակիներով, շատ բարձր հնչող «երաժշտության» ձայներով, որից տարիներ շարունակ փողոցին կից շենքերի բնակիչները դիվադադար են լինում։ Ոստիկանություն զանգես, որ ի՞նչ անեն… մինչև գան՝ մեքենան անցնում է։ Ի դեպ, այդ մեքենաները կանգ են առնում մի քանի րոպե, որ մարդիկ լիակատար արթնանան և նոր միայն շարունակում են իրենց ընթացքը։ Այս հարցերը լուծելու փորձեր արվել են, բայց դրանք, փաստորեն, գուցե մեղմում են վիճակը, բայց ոչ ավելին։

Մեր հանրային կյանքի քաղաքային երաժշտությունը...։

Մեր բնակչությունն իր ուրախությունը ևս կազմակերպում է այս հանգով։ Մենք չենք ձևավորել և չունենք պատշաճ հանրային ականջ և այդ է պատճառը, որ այսօր ունենք դահլիճը հարկադրաբար «լցնելու» խնդիր, ինչն առնվազն վիրավորում է երաժշտին։

Ստացվում է, որ մենք տասնամյակներ շարունակ հանդուրժում ենք, երբ հասարակական վայրերում, տրանսպորտում և այլուր ոտնահարվում են մեր իրավունքները։

Եվ հիմա հանկարծ «ՀուԶանք ու Զանգը» տեղի ունեցավ և ապականեց մեր արժեքները, վտանգեց մեր հանրային տարածքի նկատմամբ ունեցած իրավունքը...:

Մեր մշակութային չափանիշը կերտվում է մանկապարտեզից, հանրակրթական դպրոցում ևս անմխիթար է մշակութային դաստիարակության վիճակը։

Այն խղճուկ դասաժամերը, որ հատկացված են երաժշտությանը, որոշ բացառություններով, որոնք անպայման կլինեն (չեմ ուզում մեկ սանրով բոլորին սանրել) հենց սկզբից խեղաթյուրում են ձևավորվող մարդու մշակութային պատկերացումները, ներկայանալով որպես անկարևոր, ժամանցի, անլուրջ վերաբերմունքի ժամեր։

Այս դիմագծի շտկումով է, որ պիտի զբաղվեն մշակութային դաստիարակության պատասխանատուները։ Մենք արդեն ունենք լրջացած խնդիր։

Պարզ է, որ բարձիթողի արված երեխան դժկամությամբ կկարգավորվի։ Մի կողմից ինքն իրեն մշակելու բարդ աշխատանքն է, մյուս կողմից՝ անգործությունն ու անհոգությունը։

Անջրպետն է′լ ավելի է խորանում մշակույթի գործչի գերակշռող մեծամիտ ու վերամբարձ կերպարով (իհարկե, բացառություններով), ում ռաֆինացված աշխարհում  յուրաքանչյուր բացիլ մահացու է։

Մաքուր-անմաքուր, բարձրակարգ-ցածրակարգ, իրական-անիրական, ազգային-ապազգային, ավանդական-արդիական խոսակցություններ, որքան ուզես․․․։

Ի՞նչ են անում որոշ երիտասարդներ․․․։

Դուրս են գալիս փողոց և ճչում են,- «Ես կանաչ մազեր ունեմ, ես կարող եմ անել տհաճ շարժումներ, ես հաճելի չեմ, ես դեն եմ նետում ինձ գրավիչ դարձնող ամեն ինչ, որ մնա այն, ինչով մենք բոլորս նույնն ենք, անկախ մեր դիրքից, արտաքինից, խոսքերից»։

Չի հաջողվում, անկատար է և չի հասկացվում․․․։

- Որտեղի՞ց հայտնվեց зеленка-ն։

- Կազմակերպված է։

- Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ նախարարության հատկացումը։

- Հայտարարված է ցենզուրայի բացակայության կարգախոսը։

- Ի՞նչ կապ ունի սա սատանիզմի հետ։

- Ոչ մի։

- Ինչո՞ւ են մարդիկ ստում։

-Անկարողությունից․․․։

- Ինչու՞ չենք հանդուրժում այլակարծություն և համարում ենք մեր կարծիքը միակը և գերական։

- Կարծրացած ենք․․․։

- Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ ստեղծված աղմուկը։

- Քաղաքական․․․։

- Ինչո՞վ է զբաղվում արվեստը։

- Մենք գիտենք ավելին, քան կարծում ենք։ Արվեստը զբաղված է հենց այդ բացահայտումներով․․․։

Երբ հարցերը բարձրաձայնում ես, պատասխանները զրնգում են, թեև սպառիչ չեն։