Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա Կաունասի պետական երգչախումբը

Հրապարակվել է՝ Nov 05 2019

Հեղինակ՝ ANM Media
Նոյեմբերի 8-ին Երևանում առաջին անգամ ելույթ կունենա Լիտվայի Կաունաս քաղաքի պետական երգչախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Պետրաս Բինգելիս): Երգչախումբը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի հետ կկատարի Վ.Ա. Մոցարտի հռչակավոր Ռեքվիեմը: Դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյան: Մեներգիչներն են Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Սոֆյա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Հովհաննես Այվազյանը (տենոր) և Զոհրաբ Զոհրաբյանը (բաս):

Համերգը նվիրվում է երգչախմբի ստեղծագործական գործունեության 50 ամյակին: Ինչպես նշված է լիտվական կոլեկտիվի պաշտոնական կայքում, երգչախումբը Ռեքվիեմն առաջին անգամ կատարել է Լիտվայի ֆիլհարմոնիկի հետ և որպես մենակատար ելույթ են ունեցել հայ երգիչներ՝ Լիսիցյանների ընտանիքից: Նվագախումբը խորհրդանշական է համարում այդ փաստը և ուրախ է շուրջ կես դար անց Հայաստանում ներկայացնել հենց այս ստեղծագործությունը:

Լուսանկարը՝ երգչախմբի պաշտոնական կայքից