ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ

Հրապարակվել է՝ Oct 18 2019

Հեղինակ՝ ANM Media
Այսօր Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ:

Ինչպես հայտնում է ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան): Երգչախումբը կներկայանա Կոմիտասի հարուստ խմբերգային ժառանգությամբ՝ կատարելով հատվածներ կոմիտասյան Պատարագից, ինչպես նաև հարսանեկան, քնարական, պանդխտության, աշխատանքային (հորովելներ) և այլ ժողովրդական երգեր։ Որպես մենակատարներ հանդես կգան Նվարդ Ալոյանը (դաշնամուր), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Վրեժ Ղարիբյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Մավր Մկրտչյանը (բարիտոն), Աշխեն Թադևոսյանը (մեցցո սոպրանո):

Իսկ հոկտեմբերի 20-ին, Վարդապետի մահվան տարելիցի կապակցությամբ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կանցկացվի հոգևոր երաժշտության համերգ: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: