«Կուս» քառյակ. Բեթհովենից Կոմիտաս  

Հրապարակվել է՝ Oct 10 2019

Հեղինակ՝ ANM Media
 Հոկտեմբերի 9-ին «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական համերգաշարի շրջանակներում Երևանում ելույթ ունեցավ գերմանական «Կուս» լարային քառյակը: Քառյակը, որի կազմում է նաև թավջութակահար Միքայել Հախնազարյանը, հայ հանդիսատեսին ներկայացավ Բեթհովենի և Բրամսի կվարտետներով:  

Համերգի վերջում բարձր ծափահարությունների ներքո երաժիշտները կատարեցին Կոմիտասի «Երկինքն ամպել ա» և «Հաբրբան» ստեղծագործությունները, որոնք ընդգրկված են քառյակի մշտական երկացանկում:  

Քառյակի անդամներն են Յանա Կուսը (առաջին ջութակ), Օլիվեր Ուայլը (երկրորդ ջութակ), Ուիլիամ Քոլմանը (ալտ) և Միքայել Հախնազարյանը (թավջութակ):   2019թ. սկզբին «Կուս» քառյակը դարձավ պատմության մեջ գերմանական առաջին լարային քառյակը, որին «Նիպոն» երաժշտական հիմնադրամը օգտագործման փոխանցեց լեգենդար «Պագանինիի կվարտետ» գործիքները: 2019 թ. Տոկիոյի Սունտորի համերգասրահի հրավերով «Կուս» քառյակը այս գործիքներով նվագել է Բեթհովենի լարային կվարտետների ամբողջական շարքը:     Դեռևս կարիերայի սկզբում «Կուս» քառյակն առաջին մրցանակներն է ստացել Գերմանական երաժշտական խորհրդի և Բորչիանիի մրցույթի կողմից, արժանացել է Բորլետի-Բուիտոնի մրցանակի, ճանաչվել Եվրոպական համերգային դահլիճների կազմակերպության «Ծաղկող աստղ» պարգևին: Այսօր քառյակը վարպետության բազմաթիվ դասերով ոգեշնչում է հաջորդ սերունդներին: Ուիլյամ Կոլմանը և Օլիվեր Ուիլը նաև պրոֆեսորներ են եվրոպական տարբեր համալսարաններում: