Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա գերմանական «Կուս» լարային քառյակը  

Հրապարակվել է՝ Oct 08 2019

Հեղինակ՝ ANM Media
 Հոկտեմբերի 9-ին «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական համերգաշարի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա գերմանական «Կուս» լարային քառյակի համերգը: Ծրագրում ընդգրկված են Լյուդվիգ վան Բեթհովենի լարային կվարտետները։  

Քառյակի անդամներն են Յանա Կուսը (առաջին ջութակ), Օլիվեր Ուայլը (երկրորդ ջութակ), Ուիլիամ Քոլմանը (ալտ) և Միքայել Հախնազարյանը (թավջութակ):  

2019թ. սկզբին «Կուս» քառյակը դարձավ պատմության մեջ գերմանական առաջին լարային քառյակը, որին «Նիպոն» երաժշտական հիմնադրամը օգտագործման փոխանցեց լեգենդար «Պագանինիի կվարտետ» գործիքները: 2019 թ. Տոկիոյի Սունտորի համերգասրահի հրավերով «Կուս» քառյակը այս գործիքներով նվագել է Բեթհովենի լարային կվարտետների ամբողջական շարքը:    

Դեռևս կարիերայի սկզբում «Կուս» քառյակն առաջին մրցանակներն է ստացել Գերմանական երաժշտական խորհրդի և Բորչիանիի մրցույթի կողմից, արժանացել է Բորլետի-Բուիտոնի մրցանակի, ճանաչվել Եվրոպական համերգային դահլիճների կազմակերպության «Ծաղկող աստղ» պարգևին:

Այսօր քառյակը վարպետության բազմաթիվ դասերով ոգեշնչում է հաջորդ սերունդներին: Ուիլյամ Կոլմանը և Օլիվեր Ուիլը նաև պրոֆեսորներ են եվրոպական տարբեր համալսարաններում: