Լոնդոնում նշվել է Կոմիտասի ծննդյան 150-ամյակը

Հրապարակվել է՝ Nov 14 2019

Հեղինակ՝ ANM Media
Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանի շրջանակում Լոնդոնի Քենսինգթոնի Սուրբ Քաթբերդ եկեղեցու կամարների ներքո նոյեմբերի 9-ին լոնդոնահայ համայնքում, օպերային երգիչ և դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ նշվել է Կոմիտասի ծննդյան 150 ամյակը:

Միջոցառմանը հնչել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի, անգլիկանական եկեղեցու բարձրաստիճան հոգևորական Փոլ Բեգոթի, բարոնուհի Քերոլայն Քոքսի, Քենսինգթոնի քաղաքապետ Ուիլ Պակալի ուղերձները։

Համերգին ներկայացվել են Կոմիտասի երաժշտական ժառանգությունը, կյանքը, ինչպես նաև մեջբերվել են հայ և համաշխարհային մշակույթի մեծերի խոսքերը՝ նրա գործերի վերաբերյալ: Համերգի երկրորդ բաժնում հայ դասական երաժշտությամբ հետաքրքրված ավելի քան 300 հոգանոց դահլիճը վայելել է Կոմիտասի մի շարք ստեղծագործություններ՝ մեներգիչների, Քլինգեն երգչախմբի կատարմամբ և դիրիժոր Սիփան Օլահի ղեկավարությամբ: Անսամբլային փոխադրմամբ հնչել են «Հայր մեր», «Սուրբ-սուրբ», «Հայրապետական մաղթանք» հոգևոր երգերը, ինչպես նաև «Պուճուր աղջիկ», «Առավոտ լուսաբեր», «Յար ջան արի», «Գարուն ա» կոմիտասյան երգերի մարգարտահատիկները:

Միջոցառման շրջանակում, կոմիտասյան ստեղծագործությունների թեմաներով և ազգային տարազներով հանդերձավորված ձեռագործ տիկնիկների ցուցադրությամբ հանդես են եկել լիբանանահայ նկարչուհի Լիոնի Փիլարդը և տիկնիկների վարպետ Ալիս Մարտիրոսյանը:

Լուսանկարները՝ «Ասպարեզ» կայքի