Անցնել բովանդակությանը

· Դասական

Ցեղասպանությունն աղետ է և բոլորը դա պետք է հասկանան․ Միշա Մայսկի

Ցեղասպանությունն աղետ է և բոլորը դա պետք է հասկանան․ Միշա Մայսկի
Փետրվարի 28-ին լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին ելույթ կունենա Երևանում։ Թավջութակահարը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարի  Չայկովսկու Նոկտյուրնը՝ թավջութակի և նվագախմբի համար, Բրուխի՝  Kol Nidrei-ը և Սեն-Սանսի Թիվ 1 թավջութակի կոնցերտը։ 2007-ին Մայսկին Հայաստանում կատարել էր Դվորժակի Թավջութակի կոնցերտը։ 

«Այս անգամ այսպիսի ծրագիր եմ ընտրել։ Չէի ասի, որ այն յուրահատուկ է, սակայն խորհրդանշական է ինձ համար։ Սեն-Սանսի գործը շատ տարածված է և գեղեցիկ։ Այն շատ հուզիչ զգացողություներ է ինձ մոտ արթնացնում, որովհետև ես այն նվագել եմ 13 տարեկանում և այդպիսով դուրս եկել մեծ բեմ, իմ ուսուցիչը՝ Ռոստրապովիչը նույնպես այս գործով է առաջին անգամ մեծ բեմ դուրս եկել կրկին 13 տարեկանում։ Հուսով եմ, մարդիկ այն կսիրեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայսկին։ Նրա խոսքով՝ քանի որ Սեն-Սանսի կոնցերտը շատ կարճ է, որոշել է ևս երկու ստեղծագործություն ավելացնել իր ծրագրին՝ Բրուխ և Չայկովսկի։ 

Միշա Մայսկին 2015-ին Բելգիայի թագավորական նվագախմբի հետ մասնակցել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին, որտեղ կատարել էր Կոմիտասի «Չինար ես» ստեղծագործությունը։ «Ի՞նչ կարելի է ասել ցեղասպանության մասին։ Այն աղետ է և բոլոր մարդիկ դա պետք է հասկանան, բայց ես ուրախ էի  այդ իրողության մասին խոսել երաժշտության լեզվով։ Շատ յուրահատուկ համերգ էր և հպարտ եմ, որ այդ նախաձեռնության մասն եմ կազմել։ Ես միշտ ասում եմ, որ նախընտրում եմ իմ զգացածը արտահայտել երաժշտության միջոցով»։ 


Համերգի երկրորդ մասում կհնչի Բեթհովենի թիվ 7 սիմֆոնիան: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։  

Միշա Մայսկին աշխարհի լավագույն թավջութակահարներից է: Նա միակ թավջութակահարն է, ով ուսանել է երկու մեծագույն վարպետների՝ Մ. Ռոստրոպովիչի և Գ. Պյատիգորսկու մոտ: Մ. Ռոստրոպովիչն այսպես է բնութագրել Մայսկուն. «… ամենահանճարեղ տաղանդներից է. նրա կատարման մեջ պոեզիան ու բացառիկ նրբագեղությունը միաձուլվում են հզոր տեմպերամենտի և փայլուն տեխնիկայի հետ»:   Մայսկին ծնվել է Ռիգայում, ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր է: Հանդիսանում է Deutsche Grammophon-ի բացառիկ արտիստ, վերջին 25 տարիների ընթացքում 30 ալբոմ է ձայնագրել այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Վիեննայի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ, Փարիզի, Նյու-Յորքի կամերային Orpheus և այլ նվագախմբերը: Նա առաջին երաժիշտն է, ով ձայնագրել է թավջութակի համար գրված Յ. Ս. Բախի բոլոր ստեղծագործությունները: Մայսկու ձայնագրությունները բարձր գնահատական են ստացել քննադատների կողմից և արժանացել հեղինակավոր մրցանակների՝ ճապոնական Record Academy Prize (5 անգամ), Echo Deutscher Schallplattenpreis (3 անգամ), Grand Prix du Disque и Diapason d’Or of the Year և բազմիցս  հավակնել են «Գրեմմի»-ի:

Լուսանկարը՝ Մարիա Վարդանյանի /ՀԱՖՆ