Քարի երաժշտությունը

Հրապարակվել է՝ Dec 08 2019

Հեղինակ՝ ANM Media
Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում օրերս կայանացավ դասական երաժշտության երեկո՝ մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի և դաշնակահար Վասիլիյ Ռոլիչի մասնակցությամբ։ Համերգը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։ Երեկոյի հատուկ հյուրն էր դաշնակահար Վահագն Հայրապետյանը։ Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Ավետ Տերտերյանի և Էդուարդ Աբրահամյանի ստեղծագործությունները։ Ծրագիրը կամփոփվի դեկտեմբերի 10-ին՝ «Արև արտ» ցուցասրահում։ 

«Կոմիտասյան տարին շատ հագեցած է ինձ համար։ Կոմիտասի հանճարեղությունը զգում ես օտար հողում, երբ օտար հանդիսատեսը զարմացած հայացքով լսում է իր կատարումը և չի հասկանում թե ինչ ծագում ունի այն։ Ես ասում էի՝ սա ո՛չ եվրոպական, ո՛չ արևելյան երաժշտություն է․ սա իսկական հայկական երաժշտություն է»,-ասում է Վարսենիկ Ավանյանը։

Այս ծրագիրը արդեն ներկայացվել է Սանկտ-Պետերբուրգի Ելենա Օբրազցովայի անվան մշակույթի կենտրոնում, Մոսկվայի «Նիկո» ցուցասրահում, Կլայպեդայի (Լիտվա) Ֆրանցիսկոնյան եկեղեցում և Վիլնյուսի արվեստի թանգարանում: Երգչուհուն հյուրախաղերի ընթացքում նվագակցել են դաշնակահարներ Կարինե Պողոսբեկովան և Նարինե Ստեփանյանը: Երևանյան համերգը կրում էր «Քարի երաժշտություն» խորագիրը։

«Խոսելով Կոմիտասի մասին, ես միշտ զուգահեռներ եմ տանում Տիգրան Մեծի և ծովից ծով Հայաստանի հետ։ Մենք հպարտությամբ պատմում ենք այդ պատմական իրողության մասին։ Ծովից ծով Հայաստանը չկա, Կոմիտասը, հայ երգը կա։ Այսինքն մենք առաջին հերթին հզոր ենք հենց մեր մշակույթով»,-ասում է երգչուհին։  

Հյուրախաղերին աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակը և Armenian National Music ընկերությունը: